Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի որեւէ սրում չի կանխատեսում խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին նա ասաց այսօր` մայիսի 8-ին, մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, կլինեն հանրահավաքներ, հետո նոր կոալիցիա կազմելու համաձայնություն, ապա կգա ամառը` «մեծած սեզոնը», իսկ աշնանը կսկսվի նախագահական քարոզարշավը:
«Հանրահավաքներ կլինեն, որոնց մասին արդեն հայտարարել են, բայց շատ քիչ հավանական է, որ դրանք բերեն արմատական փոփոխությունների»,-ասաց նա, հավելելով, որ ներկա իրավիճակը տարբերվում է նախորդ ընտրություններից հետո ստեղծված վիճակներից, երբ «ցանկացած հավաքարարի համար էլ պարզ էր, որ հանրահավաքներ են լինելու»:
Հարցին, թե ինչու ՀԱԿ-ն այդքան քիչ ձայն հավաքեց, Իսկանդարյանը պատասխանեց, որ ընտրությունների արդյունքները բավական տրամաբանական են: «Ես մոտավորապես այդպես էլ սպասում էի, որ առաջատար երկու կուսակցություններից բացի մյուսները կլինեն անցողիկ շեմին մոտ»,-ասաց նա, որպես դրա պատճառ նշելով, որ մարդիկ հոգնել են գաղափարական պայքարից:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, քաղաքագետը նշեց, որ այդ ուժի համար 5 տոկոսանոց շեմը հաղթահարելն արդեն հաջողություն է: Նրա խոսքով, ՀՀԿ-ն վստահ չէր, որ մեծամասնություն կվերցնի, հակառակ դեպքում ՕԵԿ-ի կարիքը չէր ունենա:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով մասնակցել է 9 քաղաքական ուժ: Ըստ նախնական տվյալների ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: Մյուս երեք ուժորը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն հաղթել է 29 ընտրատարածքներում, ԲՀԿ-ն` 8, իսկ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը` մեկական ընտրատարածքներում:



























