Շուշիի ազատագրման պահին հաջորդած 20 տարիները պետք է գնահատել իբրեւ ձեռքբերումների շրջան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կոմունիստական միացյալ առաջադիմական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով, ստատուս քվոյի պահպանումը պետք է գնահատել որպես մեր ազատագրական շարժման հաղթանակ: «Ենթադրում եմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը վաղ թե ուշ տեղի կունենա», - նշել է Սաֆարյանը: Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն հայկական կողմի հետագա քայլերը, Սաֆարյանը պատասխանել է, որ հարկավոր է շարունակել դիվանագիտական ակտիվ գործողությունները` ուղղված ԼՂՀ-ի ճանաչմանը: Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային շատ միավորներ բռնեցին անկախության ուղին եւ հաջողության հասան:
«ԽՍՀՄ դրամատիկական փլուզումից հետո, բնականաբար, նախկին խորհրդային հանրապետությունները եւ ազգային միավորումները եւս ցանկացան ինքնորոշվել: Այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղը: Միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի այդ իրողությունները», - նշեց Վազգեն Սաֆարյանը:




























