Մայիսի 9-10-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում է ունեցել տարբեր երկրներից իր գործընկերների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանի եւ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Էդվարդ Նալբանդյանի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ նրանք մտքեր են փոխանակվել հայ-պաղեստինյան հարաբերությունները զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատել է Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Կամերունի ԱԳ նախարար Պյեռ Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում եւ ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեվայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հարցերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալեվան ընդգծել է, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, եւ գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա:
Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուռեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրել է այցելել Վելինգտոն:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ էր: Նախարարների զրույցի ընթացքում արծարծվել են երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերը: Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում ՀՀ դեսպանության գործունեության վերաբերյալ, վերահաստատել է իրաքյան կառավարության որոշումը Երեւանում դեսպանություն հիմնելու մասին:
Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջեւ հարաբերությունների ձեւավորումը: Նախարարները պայմանավորվել են սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասաց, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի եւ դա լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Եմենի ԱԳ նախարար Աբուբաքր Աբդուլա Ալ-Քիբրիի հետ մանրամասն քննարկումներ ծավալվել են Միջին Արեւելքում ընթացող գործընթացների շուրջ: Եմենի արտգործնախարարը ներկայացրել է իր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:
Շարմ էլ-Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հեւիթին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը:
Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաեւ Աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին:
Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնել է Կահիրե, ուր հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, Հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:




























