«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տարբեր կարծիքներ են հնչում ՀՀԿ-ի հետ հնարավոր կոլաիցիա կազմելու խնդրի շուրջ եւ այդ հարցում միասնական որոշում դեռ չի ընդունվել: Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:

«Անձամբ ես կտրականապես դեմ եմ կոալիցիայի ձեւավորմանը: Ես դեմ եմ, որպեսզի ԲՀԿ-ն մտնի ձեւական կոալիցիա: Եթե ձեւավորվի կոալիցիա, ապա ես կշարունակեմ իմ պայքարը»,-հայտարարել է նա, հավելելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա ձեւավորելու պաշտոնական առաջարկ չի ստացել:

Հարցին` արդյոք դա նշանակո՞ւմ է, որ եթե կոալիցիա ձեւավորվի, ինքը դուրս կգա ԲՀԿ-ից, Օսկանյանը խորհուրդ է տվել լրագրողներին անձամբ վերլուծել եւ եզրակացություններ անել:

«Կուսակցության ներսում կոալիցիայի ձեւավորման հարցին իմ վերաբերմունքը միանշանակ է: Ես` Վարդան Օսկանյանս, ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնի ձեւական, ոչ իրական կոալիցիայի գործունեության համար»,-հայտարարել է ԱԳ նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է այս հարցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետին, Օսկանյանը հայտնել , որ այս պահին Ծառուկյանը դեռ լսում է այդ հարցի կապակցությամբ հնչող կարծիքները: