«764» ցանցը ընդլայնվող առցանց էկոհամակարգի մի մասն է, որը անչափահաս անձանց ներքաշում է դաժան ու նվաստացուցիչ հանցագործությունների մեջ։ Այս շարժումն զոհեր ու վճրագործներ ունի տասնյակ երկրներում, գրում է The Guardian-ը։
2024 թվականի վերջին Ստոկհոլմի արվարձաններից մեկում 14-ամյա մի դեռահաս դանակի երեք հարված է հասցրել 80-ամյա տղամարդու մեջքին։ Հարձակումը հեռարձակվել է ուղիղ եթերում և արագ տարածվել համացանցում՝ համալրելով «բռնության գեյմիֆիկացիան» խրախուսող գլոբալ առցանց տիրույթի բովանդակությունը։
Հարձակվողը կապված է եղել «764» ցանցի հետ։ Նմանատիպ խմբավորումները անչափահաս զոհեր են գտնում խաղային հարթակներում (Roblox, Minecraft) և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թեմատիկ համայնքներում։ Շանտաժի ու շորթման միջոցով նրանց ստիպում են ինքնավնասմամբ զբաղվել և հանցագործություններ կատարել։
«764» ցանցը հիմնադրել է Տեխասից մի դեռահաս՝ Բրեդլի Քեյդենհեդը, որն այժմ ԱՄՆ-ում 80 տարվա ազատազրկում է կրում երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու համար։ Այնուամենայնիվ, նրա ստեղծած կառույցը շարունակում է գոյություն ունենալ։
Ոստիկանությունն արձանագրում է վտանգավոր մի միտում. առցանց բուլինգ իրականացնողների ճնշումից ազատվելու համար նախկին զոհերն իրենք են դառնում հավաքագրողներ ու ագրեսորներ։
«Chai»-ի կոորդինատորի գործը
Շվեդիայում տեղի ունեցած հարձակման քննության ընթացքում ի հայտ է եկել ցանցային համակարգողի մականունը, որը փոխանցել է Ավստրալիայից տուժած մի աղջիկ։
«Chai»-ը Շվեդիայի հյուսիսից մի դեռահաս է (նրա անունը չի հրապարակվում)։ Նրան մեղադրանք է առաջադրված ավելի քան 70 հանցագործության մեջ, այդ թվում՝ ինքնասպանության և ինքնավնասման դրդելու, ինչպես նաև ապօրինի բովանդակություն ստեղծելու համար։ Նրա գործողությունների արդյունքում տուժածների թվում է գերմանացի մի երիտասարդ, որը հազիվ է փրկվել ինքնասպանության փորձից հետո։ Այժմ դատավարությունը կասեցված է դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու նպատակով։
Դատախազության տվյալներով՝ «Chai»-ը մտել է «764 Inferno» էլիտար խմբի մեջ։ Նման նամակագրություններում դաժան նոր բովանդակության ստեղծումը ծառայում է որպես «անցատոմս» և սեփական կարգավիճակը բարձրացնելու միջոց։ Մեղադրյալի պաշտպանական կողմը պնդում է, որ նրա դերը սահմանափակվել է միայն տեսանյութերի մոնտաժով։
Համաշխարհային մասշտաբ
Հետազոտողներն արդեն հաշվել են, որ «Com» մայր ցանցի հետ (որի մեջ մտնում է «764»-ը) կապված ավելի քան 295 ձերբակալություն է եղել 33 երկրում.
ԱՄՆ. 2025 թվականին Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել «764 Inferno»-ի մոդերատորներ Լեոնիդաս Վարագիաննիսին և Պրասան Նեպալին։
Նոր Զելանդիա. 2025 թվականին 22-ամյա Ռոնդոգ Քիֆը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ երեխաների մասնակցությամբ դաժան նյութեր տարածելու համար։
Մեծ Բրիտանիա. 19-ամյա Քեմերոն Ֆինիգանը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչություններ իրականացնելու ուղեցույցներ պահելու և ինքնասպանության հասցնելու համար։ 2026 թվականի հունիսին պատասխանատվության է ենթարկվել բրիտանացի ևս մեկ դեռահաս, որը զոհեր է փնտրել Roblox-ում և Discord-ում։
Հետաքննությունների դաշնային բյուրոյում սա անվանում են «նիհիլիստական էքստրեմիզմ»։ Փորձագետներն ընդգծում են, որ խմբավորումների խորհրդանիշները (օկուլտիզմից մինչև նեոնացիզմ) ոչ թե քաղաքական գաղափարախոսություն են, այլ ընդամենը «փակ ակումբին» պատկանելու նշան։ Հանցագործների հիմնական նպատակը իշխանության ձգտումն ու զոհին վերահսկելն է։
Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողները
Փորձագետները հորդորում են հաշվի առնել, որ ամենամեծ թյուրիմացությունը այն վստահությունն է, թե նման բան կարող է պատահել միայն «խնդրահարույց» երեխաների հետ։
Ահազանգող հիմնական նշաններն են՝
Մարմնի վրա կտրվածքների և ֆիզիկական վնասվածքների հետքերի ի հայտ գալը,
Հանկարծակի ինքնամփոփ դառնալն ու ընտանիքից մեկուսանալը,
Գաջեթներից օգտվելիս գաղտնապահ վարքագիծ դրսևորելը։





























