Քաղաքները հազվադեպ են զարգանում գծային՝ ուղիղ ճանապարհով։ Զբոսաշրջության ոլորտի խնդիրը միաժամանակ նաև հմտությունների, հանրային ծառայությունների, բիզնեսի վստահության և հաճախ հենց համայնքի վստահության խնդիրն է։ Թույլ տեղական տնտեսությունը հազվադեպ է պայմանավորված միայն ներդրումների պակասով. այն ձևավորվում է նաև ինստիտուտների, վստահության, ինքնության, ենթակառուցվածքների և մարդկանց՝ սեփական բնակավայրում ապագա պատկերացնելու կարողության շնորհիվ:
Սա հատկապես վերաբերում է փոքր քաղաքներին: Նրանց մարտահրավերները հաճախ նկարագրվում են պարզ բառերով՝ չափազանց քիչ այցելուներ, քիչ աշխատատեղեր, սահմանափակ ծառայություններ, քիչ գումար: Այդուհանդերձ, սրանց տակ սովորաբար թաքնված է հարաբերությունների, սովորությունների, ենթադրությունների և բաց թողնված կապերի ավելի բարդ համակարգ:
Ապարանը, Գորիսն ու Նոյեմբերյանը սկսեցին իրենց առաքելությանը միտված ճամփորդությունը տարբեր մեկնարկային կետերից: Ապարանը դիտարկեց, թե ինչպես զբոսաշրջությունը կարող է դառնալ ավելի համաչափ և տնտեսապես իմաստալից: Գորիսն ուսումնասիրեց, թե ինչպես մշակութային տուրիզմը կարող է դառնալ ավելի նորարարական և ավելի լավ կապված լինել տեղական կյանքին: Նոյեմբերյանը հարց բարձրացրեց, թե ինչպես քաղաքը կարող է դառնալ ավելին, քան պարզապես մի վայր, որով մարդիկ անցնում են՝ այլ տեղ գնալու ճանապարհին:
Տարբեր քաղաքներ և տարբեր հավակնություններ, սակայն նրանց փորձը մատնանշում է մեկ ընդհանուր դաս. տեղական տրանսֆորմացիան սկսվում է ոչ թե նախագծից, այլ այն բանից, որ համայնքապետարանը սովորում է իրավիճակին այլ կերպ նայել:
Սկսե՛ք համակարգից
Շատ համայնքներում զարգացումը դեռևս սկսվում է ծանոթ հաջորդականությամբ՝ վեր հանել խնդիրը, պատրաստել առաջարկ, գտնել ֆինանսավորում և իրականացնել գործողությունը: Այս տրամաբանությունն օգտակար է, երբ խնդիրը պարզ է, բայց տեղական մարտահրավերներից շատերը պարզունակ չեն: Դրանք փոխկապակցված են, ձևավորվում են մարդկանց վարքագծով, ինստիտուցիոնալ սովորություններով, բիզնեսի վստահությամբ և այնպիսի դերակատարների համագործակցության որակով, որոնք սովորաբար միմյանց հետ չեն խոսում:
Ապարանում, Գորիսում և Նոյեմբերյանում կիրառված առաքելությանը միտված մոտեցումը համայնքներին առաջարկեց դադար վերցնել՝ չշտապելովխնդիրներին արագ լուծումներ տալ: Հաջորդականությունը կանխամտածված էր՝ հասկանալ մարտահրավերը, լսել համայնքին, քարտեզագրել ներգրավված դերակատարներին, իմաստավորել լսվածը և միայն դրանից հետո նախագծել փոխկապակցված միջամտությունների պորտֆել, որոնք կարող են փորձարկվել, ճշգրտվել և ընդլայնվել:
Այսպիսի պլանավորումն ընդունում է, որ երբ խնդիրը բարդ է, համայնքապետարանի առաջին գործը ոչ թե պատրաստի պատասխանը հայտարարելն է, այլ համակարգն այնքան լավ հասկանալը, որպեսզի դրա շրջանակներում հնարավոր լինի գործել խելամտորեն:
Առաջին փոփոխությունը ներքին էր
Յուրաքանչյուր համայնք ձևավորեց առաքելության թիմ՝ համայնքի ղեկավարի կամ տեղակալի գլխավորությամբ, որը կազմված էր համայնքապետարանի տարբեր բաժինների որոշում կայացնողներից: Սա կարևոր էր, քանի որ քաղաքային խնդիրները չեն հայտնվում հստակ պիտակավորված՝ որպես «տնտեսական», «սոցիալական», «մշակութային» կամ «ենթակառուցվածքային»։ Դրանք մարդկանց կյանքում հայտնվում են որպես մեկ ամբողջական իրականություն, չնայած նրան, որ համայնքային վարչակազմերը հաճախ դրանք բաժանում են առանձին բաժինների և լիազորությունների միջև:
Առաքելության թիմն ստեղծեց մի տարածք, որտեղ այս առանձին հարցերը կարող էին դիտարկվել որպես մեկ մեծ պատկերի մաս: Այն համախմբեց իշխանություն, գործնական գիտելիքներ և տարբեր ինստիտուցիոնալ տեսանկյուններ ունեցող մարդկանց: Դասընթացների և կարողությունների զարգացման միջոցով թիմերն աշխատեցին շահագրգիռ կողմերի քարտեզագրման, ներգրավման, համայնքի խորքային լսումների և համատեղ տեսլականի ձևավորման գործիքներով: Այնուամենայնիվ, ամենակարևոր արդյունքը վարքագծային էր, քան տեխնիկական:
Համայնքային թիմերն սկսեցին կիրառել հորիզոնական համագործակցություն: Նրանց առաջարկվեց նայել սեփական բաժիններից այն կողմ և հասկանալ, թե ինչպես են քաղաքային համակարգի տարբեր մասերն ազդում միմյանց վրա: Մյուս համայնքների համար սա կարող է լինել առաջին օգտակար դասը. քաղաքն ավելի ադապտիվ չի դառնում պարզապես այն պատճառով, որ հաստատում է նոր ռազմավարություն. այն դառնում է ավելի ադապտիվ, երբ փոփոխությունների համար պատասխանատու մարդիկ սկսում են այլ կերպ աշխատել:
Դարձե՛ք համախմբող
Հաջորդ քայլը յուրաքանչյուր քաղաքի մասին ավելի անկեղծ պատկեր ստեղծելն էր: Ապարանը, Գորիսն ու Նոյեմբերյանը մշակեցին քաղաքի պրոֆիլներ, սակայն սա միայն տվյալների հավաքագրման վարժություն չէր: Դա համատեղ գիտակցման գործընթաց էր: Ի՞նչ ակտիվներ արդեն կան: Ո՞ր դերակատարներն են ակտիվ, բայց բավարար չափով ներգրավված չեն: Որտե՞ղ է տեղեկատվությունը պակասում: Ո՞ր ենթադրություններն են դարձել այնքան սովորական, որ ոչ ոք այլևս դրանք կասկածի տակ չի դնում:
Այս գործընթացը փոխեց նաև այն, թե ինչպես է համայնքապետարանը ներկայանում տեղական դերակատարներին: Երբ տեղական ինքնակառավարման մարմինը դիմում է բիզնեսին, ներդրողներին և համայնքային խմբերին ոչ միայն նրանց տեղեկացնելու, այլև լսելու և ներգրավելու համար, հարաբերությունները սկսում են փոխվել: Համայնքապետարանը սոսկ վարչարար կամ ծառայություններ մատուցող լինելուց անցում է կատարում տեղական զարգացման համախմբողի դերին։

Ապարանում լեռնադահուկային առաջատար հանգստավայրը դարձավ քաղաքի ապագայի շուրջ զրույցի մասնակիցը: Նոյեմբերյանում գյուղատնտեսական ձեռնարկությունները, ներառյալ ձիթապտղի այգիներ մշակողները, ավելի մոտեցվեցին քաղաքի զարգացման գործընթացին: Գորիսում տեղական հյուրանոցները դարձան մշակութային տուրիզմի շուրջ ձևավորվող տեղական առաքելության մի մասը:
Այս օրինակները ցույց են տալիս, որ շատ տեղական ակտիվներ բացակայում են ոչ թե ֆիզիկապես, այլ պարզապես կտրված են միմյանցից։ Բիզնեսը կարող է գործել համայնքային առաջնահերթություններից առանձին, համայնքային խմբերը կարող են ունենալ ներուժ, բայց որոշումների կայացման սահմանափակ հասանելիություն, մինչդեռ պետական հաստատությունները կարող են իրականացնել միմյանց կրկնող կամ չլրացնող գործողություններ: Այն համայնքապետարանը, որը կարող է միացնել այս մասնիկները, ստեղծում է արժեք դեռ նախքան որևէ նոր նախագծի սկսվելը:
Տեսե՛ք թաքնված կապերը
Հաջորդիվ տեղի ունեցավ ճանաչողական (կոգնիտիվ) շրջադարձը: Համակարգային մտածողության, բարդության և պորտֆելների վերաբերյալ հանդիպումների միջոցով առաքելության թիմերին ներկայացվեց տեղական խնդիրները հասկանալու այլընտրանքային տարբերակ: Մարտահրավերներին որպես մեկուսացված հարցեր վերաբերվելու փոխարեն՝ նրանք սկսեցին դրանք տեսնել որպեսփոխկապակցված և զարգացող երևույթներ:
Սա կարող է դժվար լինել պետական կառույցների համար, որոնցից հաճախ ակնկալվում են հստակ պատասխաններ: Այնուամենայնիվ, քաղաքային շատ մարտահրավերներ չունեն մեկ հստակ պատասխան: Քաղաքը կարող է ցանկանալ ավելի շատ զբոսաշրջություն, բայց զբոսաշրջությունը կախված է ծառայություններից, ենթակառուցվածքներից, հմտություններից, հանրային տարածքներից, մասնավոր ներդրումներից, տեղական ինքնությունից և բնակիչների՝ իրենց որպես հյուրընկալող տեսնելու պատրաստակամությունից: Քաղաքը կարող է ցանկանալ ավելի մեծ տնտեսական ակտիվություն, բայց տնտեսական ակտիվությունը կախված է վստահությունից, համակարգումից, հնարավորությունների հասանելիությունից և տեղական ակտիվներն տեսանելի ու օգտագործելի արժեքի վերածելու կարողությունից:
Համակարգը տեսնելը չի փոքրացնում խնդիրը, այն գործողություններն է դարձնում ավելի խելացի և համալիր:
Էկոհամակարգի քարտեզագրումն այս նոր տեսանկյունը վերածեց գործնական կիրառության: Թիմերը նորովի բացահայտեցին հանրային հաստատությունները, բիզնեսները, քաղաքացիական հասարակության խմբերը, համայնքային դերակատարներին և ընթացիկ նախաձեռնությունները: Նրանք նայեցին ոչ միայն նրան, թե ովքեր կան, այլ նաև, թե ինչպես են այդ դերակատարները հարաբերվում միմյանց հետ:
Սա օգնեց բացահայտել ուշադրությունից դուրս մնացած շահագրգիռ կողմերին և կապերը: Այն նաև մարտահրավեր նետեց համայնքային աշխատանքի բնական կանխակալությանը: Պաշտոնյաները հաճախ հակված են տեսնել ծանոթ խնդիրներ, ծանոթ դերակատարներ և ծանոթ լուծումներ: Դա հասկանալի է, քանի որ հաստատությունները կառուցված են առօրյա աշխատանքի շուրջ, սակայն տրանսֆորմացիան պահանջում է նայել սովորական շրջանակից դուրս:
Շահագրգիռ կողմերի հետ համատեղ խնդիրները վերաձևակերպելով՝ առաքելության թիմերն սկսեցին տեսնել փոփոխությունների տարբեր մեկնարկային կետեր: Նոր դերակատարներ հայտնվեցին ոչ թե այն պատճառով, որ հանկարծակի հայտնվել էին համայնքում, այլ այն պատճառով, որ համայնքապետարանն սկսել էր այլ կերպ նայել շրջապատին:
Լսե՛ք նախքան նախագծելը
Այնուհետև եկավ այն փուլը, որը գործընթացին հաղորդեց մարդկային խորություն՝ համայնքային ունկնդրում կամ լսումներ:
Տեղական զարգացման շատ գործընթացներում բնակիչները ներգրավվում են ավելի ուշ փուլերում: Նրանց առաջարկում են արձագանքել նախագծերին, հաստատել առաջնահերթությունները կամ մասնակցել քննարկումներին: Ապարանում, Գորիսում և Նոյեմբերյանում բնակիչները ներգրավվեցին ավելի վաղ: Առաքելության թիմերը յուրաքանչյուր քաղաքում անցկացրեցին 25-ից 40 հարցազրույց՝ հաշվի առնելով գենդերային հավասարությանը և խոցելի խմբերի ներկայացվածությանը:
Նպատակն էր հասկանալ, թե ինչպես են բնակիչներն ընկալում քաղաքը՝ ինչի կարիք ունեն, ինչն են արժևորում, ինչով են անհանգստացած, ինչի հույս ունեն և ինչ դեր են պատկերացնում իրենց համար քաղաքի ապագայում:
Սա պահանջում էր համայնքային թիմերից մի կողմ դնել պատրաստի պատասխանների հարմարավետությունը: Նրանք դուրս եկան իրենց կաբինետներից՝ բաց հարցերի միջոցով լսելու համայնքին՝ նախքան նախագծման անցնելը: Թեև սա կարող է պարզ թվալ, այն փոխում է գիտելիքի հավասարակշռությունը: Բնակիչները միայն ծառայություններից օգտվողներ չեն. նրանք քաղաքի ապրած և ապրվող իրականության փորձագետներն են:
Պաշտոնյան կարող է իմանալ, թե ինչ ծրագրեր գոյություն ունեն, մինչդեռ բնակիչը գիտի՝ արդյոք դրանք հասանելի են: Համայնքապետարանը կարող է իմանալ, թե որ ձեռնարկություններն են գրանցված, մինչդեռ մարդիկ գիտեն, թե որ տարածքներն են կենդանի, որ հնարավորություններն են թաքնված և որ արգելքներն են լռելյայն գործադրվում:
Հետևաբար, համայնքային լսումներն ավելին արեցին, քան պարզապես կարծիքների հավաքագրումը: Այն օգնեց թիմերին վերանայել սեփական ենթադրությունները, վերլուծությանն ավելացրեց ապրումակցում և զարգացումը դարձրեց պակաս վերացական:
Ձայները վերածե՛ք ուղղության
Լսումների միջոցով հավաքագրված պատկերացումներն այնուհետև հիմք հանդիսացան իմաստավորման և ապագայի տեսլականի մշակման աշխատաժողովների համար: Այս հանդիպումները համախմբեցին տարբեր շահագրգիռ կողմերի՝ օրինաչափությունները բացահայտելու, տեսակետները համեմատելու և յուրաքանչյուր քաղաքի հնարավոր ապագան պատկերացնելու համար: Դրանք նաև օգնեցին նվազեցնել գործողությունների կրկնությունը՝ ցույց տալով, թե տարբեր դերակատարներ արդեն ինչ են անում:
Այս փուլը կարևոր է, քանի որ մասնակցությունն առանց իմաստավորման կարող է վերածվել դժգոհությունների ցանկի, իսկ կանխատեսումն առանց փաստերի՝ պատրանքների: Գործընթացի արժեքը երկուսի համատեղումն էր՝ լսել մարդկանց ապրած իրականությունը և այնուհետև օգտագործել այդ պատկերացումները հավաքական ուղղություն և տեսլական ձևավորելու համար:

Այն նաև փոխեց ներգրավվածության որակը: Երբ մարդկանց հարցնում են ոչ միայն այն մասին, թե ինչն է սխալ, այլև թե ինչպիսի ապագա են ուզում և ինչ դեր կարող են ունենալ դրա կառուցման գործում, զրույցը դառնում է ավելի արդյունավետ: Պատկանելիության զգացումը դառնում է զարգացման ակտիվ: Մարդիկ սկսում են իրենց տեսնել ոչ միայն որպես համայնքի բնակիչներ, այլ որպես դրա ապագայի մասնակիցներ:
Կառուցե՛ք պորտֆել, այլ ոչ թե ցանկությունների ցուցակ
Պորտֆելի մշակման ինտենսիվ դասընթացը նշանավորեց անցումը հետազոտությունից դեպի ռազմավարություն: Ապարանը, Գորիսն ու Նոյեմբերյանը իրենց պատկերացումները վերածեցին առաքելության պորտֆելների՝ տեսլականի հստակ ձևակերպում, անհրաժեշտ փոփոխություններ, փոփոխություններից ակնկալվող արդյունքներ և ռազմավարական դիրքեր տեղական համակարգում:
Ապարանն իր առաքելությունը սահմանեց համաչափ զբոսաշրջային տնտեսության շուրջ՝ նպատակ ունենալով դառնալ տնտեսապես ավելի ակտիվ և գրավիչ համայնք՝ ուժեղացնելով տեղական տնտեսական զարգացումը, բարելավելով ծառայությունների մատուցումը և ավելի լավ օգտագործելով առկա ակտիվներն ու ինստիտուցիոնալ կարողությունները:
Գորիսը կենտրոնացավ նորարարական մշակութային տուրիզմի վրա՝ ձգտելով հզորացնել քաղաքը՝ որպես ավելի դինամիկ և գրավիչ համայնք՝ բարելավելով տնտեսական ակտիվությունը, զարգացնելով հանրային ծառայությունները և ավելի լավ օգտագործելով իր մշակութային, սոցիալական ու ինստիտուցիոնալ ներուժը:
Նոյեմբերյանն ընտրեց հյուրընկալ տրանզիտային հանգույց դառնալու առաքելությունը՝ նպատակ ունենալով տարանցիկ համայնքից վերածվել ճանաչելի և գրավիչ վայրի՝ ակտիվացնելով իր զբոսաշրջային, ծառայությունների և տեղական տնտեսական պոտենցիալը:
Այս առաքելությունները յուրաքանչյուր համայնքին տալիս են զարգացման ուղղություն և գործնական շրջանակ: Դրանց շուրջ Ապարանը, Գորիսն ու Նոյեմբերյանը կարող են սկսել ձևավորել փոխկապակցված միջամտությունների պորտֆելներ, որոնք ցույց կտան, թե ինչպես կարող է փոփոխությունը տեղի ունենալ գործնականում:
Պորտֆելի ուժը կայանում է նրանում, թե ինչպես է այն տարբեր ջանքերը բերում մեկ միասնական տրամաբանության մեջ: Որոշ միջամտություններ կարող են կենտրոնանալ ծառայությունների վրա, մյուսները՝ ենթակառուցվածքների, հմտությունների, գործընկերության, զբոսաշրջային առաջարկների, բիզնեսի ներգրավման կամ համայնքային նախաձեռնությունների վրա: Առանձին վերցրած՝ յուրաքանչյուրը կարող է լուծել մարտահրավերի մի մասը: Միասին վերցրած՝ դրանք կարող են ամրապնդել միմյանց և օգնել համայնքին փորձարկել, թե որ համադրություններն են ստեղծում իրական առաջընթաց:
Ի՞նչ կարող են սովորել մյուս քաղաքները
Մյուս համայնքների համար ուղերձը և՛ գործնական է, և՛ պահանջկոտ: Ճանապարհորդությունը սկսվում է թիմից՝ քանդել ներքին պատնեշները (կաշկանդող գործելակերպերը) և ստեղծել աշխատանքի համատեղ գործելաոճ՝ նախքան համայնքից դուրս խնդիրներ լուծելու փորձերը:
Այն նաև պահանջում է համակարգի ավելի խորը իմացություն: Ծանոթ դերակատարները, հին ենթադրությունները և մասնատված տվյալները հազվադեպ են բավարար բացատրելու համար, թե ինչու են տեղական մարտահրավերները պահպանվում: Համայնքները պետք է նայեն ավելի լայն, լսեն ավելի ուշադիր և ներգրավեն բնակիչներին, բիզնեսին ու խոցելի խմբերին դեռ նախքան առաջնահերթությունների վերջնական հաստատումը:
Էկոհամակարգի քարտեզագրումը կարող է ցույց տալ, որ շատ ռեսուրսներ արդեն առկա են, բայց կապված չեն միմյանց հետ: Առաքելությունը դառնում է օգտակար, երբ օգնում է այդ ռեսուրսները բերել գործողությունների ավելի համահունչ պորտֆելի մեջ, որտեղ տեսլականը վերածվում է փոխկապակցված նախաձեռնությունների, այլ ոչ թե առանձին նախագծերի:
Գործընթացը չի ավարտվում իրականացումն սկսելուն պես: Քաղաքները պետք է շարունակեն սովորել գործելու ընթացքում՝ շտկելով այն, ինչ չի աշխատում, և ընդլայնելով այն, ինչն օգտակար է թվում: Սա կարող է անհարմար լինել, քանի որ պահանջում է համայնքային պաշտոնյաներից կիսել սեփականության զգացումը, պատրաստ լինել դիտարկումների և ընդունել, որ առաջին պատասխանը կարող է լինել ոչ լավագույնը: Այն նաև քաղաքներին տալիս է ավելի արժեքավոր բան, քան պարզապես փայլուն պլանը՝ անորոշության միջով նպատակասլաց առաջ շարժվելու գործնական ճանապարհ:
Իրական փոփոխությունը սովորություն է
Ապարանը, Գորիսն ու Նոյեմբերյանն այժմ անցնում են իրականացման փուլին, որտեղ առաքելությանն ուղղված մոտեցումը կփորձարկվի գործնականում: Հաջորդ փուլը լինելու է միջամտությունների փորձարկման, կատարվածից դասեր քաղելու, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ անելու և աշխատող գաղափարներն ընդլայնելու մասին: Որոշ գործողություններ կարող են արագ արդյունքներ ցույց տալ, մինչդեռ մյուսները գուցե կարիք ունենան ճանապարհինլրամշակման կամ հընթացս վերանախագծման: Հարմարեցվող այս գործընթացը կարևոր նշանակություն ունի այս ճանապարհին:
Այն, ինչ ծնվում է այս աշխատանքից, ավելին է, քան ապագա նախագծերի շարքը: Դա համայնքային նոր սովորություն է՝ ավելի ադապտիվ, ավելի մասնակցային և բարդ իրավիճակներին դիմակայելու համար ավելի լավ պատրաստված:
Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ՀՀՏԶ/M4EG ցանցին միանալու պատրաստվող համայնքների համար սա կարող է լինել ամենաօգտակար դասը: Մեկնարկային կետը ոչ միայն հարցնելն է, թե որ նախագիծն է անհրաժեշտ, այլև այն, թե ովքեր պետք է լինեն այդ զրույցի մասնակիցը, ինչն է դեռևս վատ հասկացված և ինչ է համայնքը պատրաստ սովորել իր բնակիչների և գործընկերների հետ միասին:
Հաջողության հասնող քաղաքները հազվադեպ են նրանք, որոնք ունեն մեկ պատրաստի պատասխան: Նրանք ավելի շուտ այն քաղաքներն են, որոնք զարգացնում են ավելի լավ հարցեր տալու, ճիշտ դերակատարներին իրար հետ կապելու և պայմանների փոփոխմանը զուգընթաց սովորելու կարողությունը:
Ապարանի, Գորիսի և Նոյեմբերյանի փորձն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) նախաձեռնության շրջանակներում:
Այս հրապարակումը ֆինանսավորվել /համաֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։ Բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատու են Քրիստ Մարուքյանը՝ Հայաստանում ՀՀՏԶ ծրագրի ղեկավարը և Անտոն Սիդորենկոն՝ ՀՀՏԶ ծրագրի հաղորդակցության պատասխանատուն, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության տեսակետները:





























