Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Հայտնի է, թե որ հանձնաժողովների նախագահների պաշտոններից զրկվեց «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նշենք, որ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով: 

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ համամասնությունը հետևյալն է՝ 8 հանձնաժողովի նախագահներ կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Բանաձևի համաձայն՝ 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ խմբակցությունը, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: Բանաձևի համաձայն՝ առաջին և երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է ՔՊ խմբակցությանը»,- հայտնեց ԱԺ նախագահը: 

Ըստ այդմ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը բաժին հասան Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովը և Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, իսկ «Հայաստան» խմբակցությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ ՔՊ–ն  Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեկնածու էր առաջադրել Ծովինար Վարդանյանին, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նախագահի համար՝ Վահե Ղալումյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի համար Սոնա Ղազարյանին, և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի համար Զարուհի Բաթոյանին։

ՔՊ–ն նախապես հայտարարել էր, որ այն հանձնաժողովները, որոնց նախագահների պաշտոնը բաժին կհասնի ընդդիմությանը, իրենց նախագահների թեկնածուները կընտրվեն հանձնաժողովների փոխնախագահներ։

ՔՊ–ին հաժին հասան հետևյալ հանձնաժողովների նախագահների պաշտոնները՝

  • Պետաիրավական հարցերի հանձնաժողով

  • Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով

  • Կրթության հանձնաժողով

  • Առողջապահության հարցերով հանձնաժողով

  • Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով

  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով