Թրամփի վարչակազմի պաշտոնյաները սովորել են զգուշությամբ ընտրել բառերը, որպեսզի իրադարձություններից առաջ չընկնեն և չշտապեն իրենց անկանխատեսելի ղեկավարից առաջ: Սակայն կա մի թեմա, որի շուրջ նրանք միշտ պատրաստ են հնարավորինս անկեղծ արտահայտվել. դա Եվրոպան է, գրում է Financial Times-ը:

Սկսած փոխնախագահից մինչև ավելի ցածր օղակներ՝ ԱՄՆ պաշտոնյաներն իրենց դիրքավորում են որպես արևմտյան քաղաքակրթության պաշտպաններ, որոնք փրկում են այն մի մայրցամաքից, որն իրենք համարում են դրա օրրանը: Նրանց կարծիքով՝ զանգվածային միգրացիան, խոսքի ազատության սահմանափակումները և ազգային ինքնիշխանությունից հրաժարվելը սպառնում են ոչ միայն տրանսատլանտյան հարաբերություններին, այլև բուն Եվրոպայի գաղափարին:

«Մենք չենք փրկի Արևմուտքը, եթե Եվրոպան խելքի չգա,- հայտարարել է Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնի նախագահ Քևին Ռոբերտսը, որն օգնել է մշակել Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի օրակարգը:- Ես արդեն տևական ժամանակ՝ գրեթե երկու տասնամյակ, մտավախություն ունեմ, որ Եվրոպան քաղաքակրթական ինքնասպանություն է գործում»։

Պնդելով, որ Եվրոպան անհրաժեշտ է փրկել ինքն իրենից՝ վարչակազմն աջակցել է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ գտնվող համախոհներին և շարժումներին: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այնքան հեռու է գնացել, որ անձամբ քարոզել է Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ և պոպուլիստ-ազգայնական աջերի համար ուղենիշ հանդիսացող Վիկտոր Օրբանի օգտին՝ այն ընտրությունների նախաշեմին, որոնք ի վերջո Օրբանի համար ավարտվեցին պարտությամբ:

Պետքարտուղարությունում պաշտոնյաները միլիոնավոր դոլարներ են տրամադրել որպես դրամաշնորհներ Եվրոպայում այն համախոհների համար, որոնք ձգտում են պայքարել «գրաքննության» դեմ և զարգացնել «քաղաքակրթական կապերը» ԱՄՆ-ի և մայրցամաքի միջև:

Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն «իրավամբ զգուշացրել է համաշխարհային այլ առաջնորդներին, որ արևմտյան քաղաքակրթությունը կշարունակի քայքայվել, եթե նրանք արագ չփոխեն ուղեգիծը»:

Եվրոպայի նկատմամբ այդ ուշադրությունը խորացրել է տրանսատլանտյան պառակտումը և ստիպել Ատլանտիկայի երկու կողմերի պաշտոնյաներին ու մեկնաբաններին մտածել՝ ինչո՞ւ է MAGA շարժումը թիրախավորել Եվրոպան:

Հանրային դիվանագիտության հարցերով պետքարտուղարի տեղակալ և Թրամփի թիմում Եվրոպայի ամենամոլի քննադատներից մեկը՝ Սառա Ռոջերսը, հերքում է, որ վարչակազմը պարզապես վեճի առիթ է փնտրում:

«Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը և մեր արած այլ հայտարարությունները հաճախ ներկայացվում են որպես քննադատություն կամ հարձակում Եվրոպայի վրա, բայց դա ամենևին այն կոորդինատների համակարգը չէ, որը ես կօգտագործեի,- ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում:

«Երբ մենք ելույթ ենք ունենում այդ թեմաներով, դա անում ենք բոլորովին ոչ այն պատճառով, որ ամերիկացի ժողովուրդը կամ մենք՝ որպես նրա ներկայացուցիչներ, շահագրգռված ենք Եվրոպայի հետ հակամարտությամբ հանուն բուն հակամարտության,- նշել է նա:- Մենք շատ հարցերում մեզ նույնացնում ենք Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հետ... Երբ բանը հասնում է որոշակի մարտահրավերների, մենք բոլորս նույն նավակի մեջ ենք»:

Ռոջերսը զբաղեցնում է մի պաշտոն, որն ավանդաբար օգտագործվում է կրթական փոխանակումների և մշակութային ծրագրերի միջոցով ԱՄՆ-ի «փափուկ ուժն» առաջ մղելու համար: Սակայն նախկին իրավաբանն ավելի հայտնի է սոցիալական ցանցերում իր կոշտ գրառումներով՝ նվիրված եվրոպական ու բրիտանական միգրացիոն քաղաքականությանը, ինչպես նաև ատելության խոսքի կարգավորմանն ուղղված ջանքերին:

Եվրոպայում խոսքի ազատության նկատմամբ այդ դիրքորոշումը հակադրվում է բազմաթիվ ավտորիտար ռեժիմների վերաբերյալ վարչակազմի հարաբերական լռությանը: Հունիսին նա այցելել էր Թուրքմենստան՝ աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկը, այնտեղ գործնականում չհիշատակելով խոսքի ազատության մասին:

«Այս հարցերում մեր փոխգործակցությունը կախված է երկրների գործերին մեր ներգրավվածության խորությունից, մեր դաշինքի բնույթից, կոնկրետ պետության պատմությունից և հետագծից,- պարզաբանել է նա:

Ամերիկյան «նոր աջերը» և պահպանողականության վերափոխումը

MAGA շարժման հայացքը Եվրոպայի նկատմամբ՝ որպես անդունդի եզրին գտնվող քաղաքակրթության, ձևավորվել է ամերիկյան «նոր աջերի» ընդերքում՝ ինտելեկտուալ և քաղաքական մի էկոհամակարգում, որը ծաղկում ապրեց Թրամփի նախագահական երկու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում։ Քանի դեռ հանրապետականներն ազատվում էին ռեյգանյան պահպանողականության մնացորդներից, MAGA-ին աջակցող վերլուծական կենտրոնների և ինտելեկտուալների նոր կոհորտան փորձեց Թրամփի քաղաքական մեքենայի կոպիտ ուժը վերածել գաղափարախոսական դոկտրինի և քաղաքական ծրագրի։

Բայդենի կառավարման տարիները Թրամփի դաշնակիցներին տվեցին «ընդմիջում խաղակեսերի միջև», որպեսզի մշակեն այն, ինչ նրանք համարեցին թրամփիզմի ինտելեկտուալ միջուկը, կարծում է America First Policy Institute-ի ավագ տնօրեն Ջոշուա Տրևինյոն։

Բացատրելով, թե ինչու է Թրամփի վարչակազմն այսքան կոշտ դիրքորոշում որդեգրել խոսքի ազատության հարցում, Տրևինյոն նշել է, որ ամերիկացի պահպանողականներն «իսկապես անհանգստանում են նրանով, թե ինչ է կատարվում Եվրոպայում», քանի որ նրա մեջ տեսնում են իրենց մի մասը, իսկ Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ իրենց պատմական սկզբնաղբյուրը։

Ազգակցության նման զգացումը նշանակում է, որ Եվրոպայի քաղաքական ուղղությունն ընկալվում է որպես «բարոյական տրավմա»։ «Ժամանակակից պահպանողականների մտավոր կառույցում օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում այժմ գոյակցում են երկու տարբեր ստանդարտներ,- պարզաբանել է նա։ Դրանցից մեկն ավելի պրագմատիկ է, մյուսը՝ «քաղաքակիրթ»։

Ատլանտյան դաշինքի նոր, կոշտ տեսությունը հնչեցրել է ԱՄՆ փոխնախագահն անցյալ տարի տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովում: Վենսը հայտարարել է, որ Եվրոպայի համար ամենամեծ վտանգը գալիս է ոչ թե Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից՝ ամերիկյան արժեքների հետ դրա ենթադրյալ տարամիտման արդյունքում, օրինակ՝ խոսքի ազատության հարցերում։

Ավելի ուշ այս միտքն ամրագրվել է Ազգային անվտանգության ռազմավարությունում՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթում, որը կոչ է անում «դիմադրություն ձևավորել» Եվրոպայի քաղաքակրթական անկման դեմ: Համանման նպատակ է դրել նաև Պետքարտուղարության սեփական ռազմավարական փաստաթուղթը. «վերականգնել քաղաքակրթական դաշինքը եվրոպական պետությունների հետ»։

Ամերիկյան նոր աջերի գաղափարախոսական սպեկտրը ներառում է աջ պոպուլիստների, ազգայնական պահպանողականների, հետլիբերալ կաթոլիկ մտավորականների, լիբերտարիանական տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և ծայրահեղ աջ ակտիվիստների։

«Այստեղ միավորվում են երկու միտում. ամերիկյան հասարակական պայմանագրի երկարաժամկետ անկումը և արևմտյան բոլոր ժողովրդավարություններում առկա այն ինքնագոհ ենթադրությունը, թե ներկայացուցչական ժողովրդավարությունը նման է հավերժական ժամացույցի, որը երբեք վերանորոգման կարիք չունի,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի ԱՄՆ-ի և Եվրոպայի կենտրոնի տնօրեն և FT-ի սյունակագիր Կոնստանցե Շտելցենմյուլերը։

Այս վերելքը մեծապես սնուցվում էր տեխնոլոգիական միլիարդատերերի ֆինանսավորմամբ, ինչպիսին է Փիթեր Թիլը՝ Վենսի վաղ հովանավորը: Ֆրանսիական Sciences Po համալսարանի գիտաշխատող Առնո Միրանդան նշել է, որ հովանավորները տեսել են «ավելի էլիտար մոտեցման անհրաժեշտություն, որը կկարողանար ուղղություն և դոկտրին հաղորդել թրամփիզմին»։

Տեխնոկրատների դժգոհությունները և խաչակրաց արշավանքը Բրյուսելի դեմ

Տեխնոլոգիական աջերն առանձնահատուկ դժգոհություններ ունեն ԵՄ-ից, որը փորձել է սահմանափակումներ մտցնել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների (Big Tech) համար և հակամենաշնորհային ու թվային կանոնների շրջանակում միլիարդավոր եվրոների տուգանքներ է սահմանել։

Դա միախառնվել է «մութ լուսավորության» (dark enlightenment) փիլիսոփայության տարրերի հետ. տեխնո-աջերի շրջանակում հայտնի մի հոսանք, որը ժողովրդավարությունը համարում է խոչընդոտ տեխնոլոգիական առաջընթացի համար և պնդում, որ պետությունները պետք է կառավարվեն ավելի շուտ որպես կորպորացիաներ։ Ըստ Միրանդայի՝ այս համատեքստում Եվրոպան ծառայում է որպես նախազգուշացում այն բանի, թե ինչի կարող է վերածվել ԱՄՆ-ը, եթե չփոխի իր ուղեգիծը։

Ուրիշներն այս ամենի մեջ տեսնում են միայն գեղեցիկ փաթեթավորում։«Այստեղ խոսքը փող աշխատելու մասին է։ Բանը սկզբունքները կամ իրավական մշակույթները չեն, այլ շահույթը»,- կարծում է Շտելցենմյուլերը։

Ակնհայտ է նաև խոր հակակրանքը ԵՄ-ի և նրա գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նկատմամբ։ Նրանց հաճախ նկարագրում են ապոկալիպտիկ երանգներով՝ որպես դաշինքի անդամ երկրների ազգային ինքնորոշումը յուրացնողների։ «Ես նրանց երկուսին էլ պարզապես սարսափելի եմ համարում։ Ես նրանց չարագուշակ եմ համարում։ Ես նրանց համարում եմ չարիք,- հայտարարել է Ռոբերտսը՝ Heritage Foundation-ից։

Բրյուսելի հանդեպ հակակրանքն արտացոլում է MAGA-ի թշնամանքը բուն Ամերիկայի էլիտար ինստիտուտների՝ համալսարանների, լրատվամիջոցների, դատական համակարգի և կադրային պետծառայողների նկատմամբ, որոնք հարձակումների ենթարկվեցին Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։

«Թրամփի վարչակազմը՝ ինչպես արևմտյան երկրներում գործող շատ այլ ազգայնական ապստամբական շարժումներ ու կուսակցություններ, խնդիրներ ունի համալսարանների և կրթված էլիտաների հետ,- ասում է իսրայելա-ամերիկյան քաղաքական տեսաբան Յորամ Հազոնին, որի՝ 2018 թվականին հրատարակված «Ազգայնականության առաքինությունը» գիրքը համարվում է ամերիկյան նոր աջերի առանցքային տեքստերից մեկը։

Այդ էլիտաներից շատերը, ըստ նրա, «հավատացել են սեփական քարոզչությանը» առ այն, որ «անկախ պետությունների կարիք չկա» և «ազգային շահերի կարիք էլ չկա»։

Հազոնին ընդունել է «լարվածության» առկայությունը՝ համաշխարհային ժանդարմի դերից հեռանալու Թրամփի վարչակազմի հռչակած նպատակի և Եվրոպայի հասցեին հնչող նրա խրատների միջև։ Սակայն նա այդ վեճը համեմատել է քույր-եղբայրների միջև եղած տարաձայնությունների հետ։

«Քույրերն ու եղբայրները վիճում են։ Երբեմն ավագ քույրերն ու եղբայրները վիճում են կրտսերների հետ ոչ թե զզվանքից կամ ատելությունից դրդված, այլ սիրուց,- նշել է նա։

Միգրացիոն գործոնը և իրարամերժ դաշինքները

Թրամփի եղբայրական սերը դրսևորվել է այնպիսի եղանակներով, որոնք վերջին 18 ամիսների ընթացքում բավականին ցնցել են դաշնակիցներին՝ Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներ, գործընկերների դեմ մաքսատուրքերի բարձրացում և պարբերական միջամտություններ Եվրոպայի ներքին քաղաքականությանը։

Այս ամենի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում ներգաղթը։ Ամերիկյան Ազգային անվտանգության ռազմավարությունը հասել է նրան, որ պնդում է, թե 20 տարի անց Եվրոպան կարող է դառնալ «անճանաչելի», ինչը պոտենցիալ վտանգի տակ է դնում ՆԱՏՕ-ի դաշինքը։

«Ռազմական դաշինքը պետք է հիմնված լինի քաղաքակրթական կոնսենսուսի վրա։ Եվ եթե մենք նկատում ենք (իսկ ես կարծում եմ՝ մենք դա նկատում ենք) այդ կոնսենսուսի էրոզիա, քաղաքակրթական ջնջում, դա մեզ մոտ լուրջ անհանգստություն կառաջացնի»,- ասել է Heritage Foundation-ի ավագ գիտաշխատող Մայք Գոնսալեսը։

Իրականում ԵՄ բնակչության միայն շուրջ 10%-ն է ծնվել դաշինքի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ի գրեթե 16%-ի համեմատ, չնայած Թրամփի երկրորդ վարչակազմն անզիջում պայքար է սկսել ներգաղթի դեմ։«Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք։ Մենք կոչ ենք անում մարդկանց աջակցել այն ուղեգծին, որն ինքներս ենք փորձում վարել,- հայտարարել է Ռոջերսը։

Քննադատները պնդում են, որ այս սևեռվածությունը երբեմն տոգորված է հակաիսլամական տրամադրություններով՝ ուղղված Մերձավոր Արևելքից Եվրոպա ներգաղթի դեմ։ «Նրանք իրենց միանգամայն հարմարավետ են զգում աղաղակող իսլամաֆոբիայի տիրույթում,- ասում է Վաշինգտոնի Niskanen Center վերլուծական կենտրոնից Լորա Ֆիլդը, որն ուսումնասիրում է ամերիկյան նոր աջերին։

«Դա դրված է նրանց շարժման հիմքում դեռևս Մայքլ Անտոնի ժամանակներից,- նշել է նա՝ նկատի ունենալով Ազգային անվտանգության ռազմավարության ճարտարապետներից մեկին։ 2016 թվականի իր էսսեում Անտոնը իսլամական երկրներից ներգաղթը ներկայացնում էր որպես անվտանգության սպառնալիք՝ նկարագրելով իսլամը որպես «ռազմատենչ հավատք»։

Ներգաղթով տարվածությունը հանգեցրել է նրան, որ Թրամփի վարչակազմն սկսել է աջակցել այն եվրոպական քաղաքական շարժումներին, որոնք այլ առումներով հակասում են իր իսկ արտաքին քաղաքականությանը։ Գերմանիայում այն ընդհանուր լեզու է գտել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ՝ միգրացիայի հարցում, չնայած այն հանգամանքին, որ այդ կուսակցությունը կտրականապես դեմ է պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացմանը։

«Նրանք աջակցել են թեկնածուներին և կուսակցություններին միգրացիայի վերաբերյալ նրանց դիրքորոշման պատճառով, բայց վերջիններս իրականում բավականին համակարգված կերպով հանդես են գալիս Ամերիկայի շահերի դեմ գլոբալ մասշտաբով,- կարծում է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող և Բայդենի վարչակազմում ազգային անվտանգության նախկին պաշտոնյա Թոմաս Ռայթը։ «Ընդհանուր թշնամիները նրանց համար ավելի կարևոր են, քան ԱՄՆ շահերն աշխարհաքաղաքականությունում»։

Թեև Օրբանի պարտությունը ստիպեց ոմանց կանխատեսել MAGA շարժման ազդեցության թուլացում Եվրոպայում, ոչինչ չի վկայում դրա հռետորական հարձակումների անկման մասին։

Լորա Ֆիլդը, ով «Կատաղի մտքեր» գրքի հեղինակն է, որտեղ ուսումնասիրվում են MAGA-ի ներսում առկա ինտելեկտուալ հոսանքները, ընդգծում է, որ չափազանց կարևոր է հասկանալ այս շարժման աղավաղված եվրոպասիրության զգացումը։

«Այստեղ առկա են եվրոպական քաղաքակրթության իսկական ժառանգորդները լինելու բոլոր հավակնությունները, որոնք պատրաստվում են վերադառնալ պատմական հայրենիք և վերապատրաստել այդ անլուրջ եվրոպացիներին իրենց իսկ արմատներով,- պարզաբանել է նա,- Դա Եվրոպայի մանկական ծաղրանկար է, և շատ առումներով այն հիմնարար կերպով անլուրջ է»։