Գիտնականները հայտնաբերել են, որ արևմտաաֆրիկյան մանգաբեյ կապիկները ծառերի ուղղահայաց բները հմտորեն բարձրանում են ոտնաթաթի անսպասելի ճկունության շնորհիվ։ Այս բացահայտումը կասկածի տակ է դնում մարդու էվոլյուցիայի մասին նախկին պատկերացումները։ Աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Համարվում էր, որ ծառեր մագլցելու համար անհրաժեշտ է հատուկ՝ «կապկանման» ոտնաթաթ, շատ շարժուն կոճային հոդով, ինչպես շիմպանզեների մոտ։ Հենց այդ պատճառով գիտնականները կարծում էին, որ մարդու և մարդակերպ կապիկների ընդհանուր նախահայրը, որն ապրել է 6–7 միլիոն տարի առաջ, նույնպես ունեցել է նման ճկուն ոտքեր, իսկ մեր ուղիղ նախնիները կորցրել են մագլցելու ունակությունը, երբ ոտնաթաթը դարձել է քայլելու համար կոշտ հենարան։
Օհայոյի նահանգային համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես են բներով մագլցում մանգաբեյները՝ կապիկներ, որոնց ոտնաթաթի կառուցվածքը տարբերվում է մարդակերպների ոտնաթաթից։ Պարզվել է, որ բարձրանալիս մանգաբեյները ոտնաթաթի միջին հատվածը ծալում են մինչև 46 աստիճան անկյան տակ։ Համեմատության համար՝ շիմպանզեի կոճային հոդը մագլցելիս ծալվում է մոտ 45 աստիճանով, իսկ մարդու մոտ՝ ընդամենը մոտ 20 աստիճան։
Այլ կերպ ասած՝ մանգաբեյները նույն ճկունությանը հասնում են ոչ թե շարժուն կոճային հոդի հաշվին, ինչպես մարդակերպների դեպքում, այլ ոտնաթաթի միջին մասի ծալման շնորհիվ։ Սա նշանակում է, որ ծառեր վստահ մագլցելու համար ամենևին պարտադիր չէ ունենալ «կապկանման» ոտք․ բավական է ճկունություն ոտնաթաթի մեկ այլ հատվածում։
Բացահայտումը կարևոր է, որովհետև փոխում է մեր հնագույն նախնիների արտաքին տեսքի մասին պատկերացումը․ մարդակերպներին բնորոշ տիպիկ ոտնաթաթ չունեցող արարածը միևնույնն է կարող էր մագլցել ծառեր։ Իսկ դա նշանակում է, որ մարդու նախնիների անցումը երկրային կյանքին և ուղղաձիգ քայլվածքին կարող էր տեղի ունենալ այլ կերպ, քան համարվում էր, և չէր պահանջում մագլցելու հմտությունների լիակատար կորուստ։ Հեղինակները կոչ են անում ավելի ուշադիր ուսումնասիրել ժամանակակից կապիկների շարժումների բազմազանությունը, որպեսզի ավելի ճշգրիտ վերակառուցեն մարդու էվոլյուցիան։


























