Լեհ զինվորականները թռչունների երամն ընդունել են երկրի օդային տարածքի հնարավոր խախտողի տեղ։ Ստուգումից հետո պարզվել է, որ ռադարներով գրանցված ազդանշանները կապված չեն եղել Լեհաստանի սահմանը հատելու հետ, ասվում է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։
«Կատարված ստուգման արդյունքում հաստատվել է, որ ռադիոլոկացիոն համակարգերով գրանցված ցուցմունքները կապված չեն եղել Լեհաստանի օդային տարածքի խախտման հետ։ Դրանց պատճառը թռչունների մեծ երամն էր, որի թռիչքը գրանցվել էր օդային տարածքի վերահսկման համակարգերով», — հայտնել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Ավելի վաղ զինվորականները ստուգում էին սկսել այն բանից հետո, երբ ռադարները գրանցել էին չճանաչված օբյեկտ, որը, ենթադրաբար, մոտենում էր Բելառուսի կողմից։
Ենթադրյալ միջադեպի շրջան է ուղարկվել ռազմական ուղղաթիռ, իսկ օդային տարածքի մի մասում ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը։
Ի վերջո Լեհաստանի օդային տարածքի անվտանգության համար որևէ սպառնալիք չի հայտնաբերվել։
«Լեհաստանի Հանրապետության օդային տարածքի անվտանգության սպառնալիք չի գրանցվել», — հայտարարել է հրամանատարությունը։
Լեհ զինվորականները շարունակում են հետևել իրավիճակին, իսկ ենթակա ստորաբաժանումները մնում են առաջադրված խնդիրները կատարելու պատրաստ վիճակում։




























