Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14-ին անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվել Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:
Անդրադարձ է արվել դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:
Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Վաղը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին, որտեղ նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը:




























