Արժեքները, որոնք դավանում է ՆԱՏՕ-ն, պատմություն են ստեղծում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հանդես գալով երիտասարդական ատլանտյան գագաթաժողովում` ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթաժողովի շրջանակներում:
«Մենք մեկ նպատակ ունեինք. Վրաստանը վերադարձնել եվրոպական արժեքների դաշտ, ինչը նշանակում է ինտեգրում եվրատլանտյան կառույցներին: Չկա ավելի մեծ նպատակ, դա ավելին է, քան դիվանագիտական ընտրությունը»,-ասել է Սահակաշվիլին:
«Վրաստանը միայն երկիր չէ: Մենք, իհարկե, չենք կարող այն համեմատել ԱՄՆ-ի հետ, դա գաղափարների երկիր է, բայց Վրաստանը գաղափար է մեր փոքրիկ տարածաշրջանի համար»,-նշել է նա:
Վրաստանի նախագահը հիշել էՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, ըստ որի նախկին խորհրդային տարածքը միասնական հոգեւոր տարածք է, որտեղ միայն մեկ անոմալիա կա` Վրաստանի կառավարությունը: Ես կարծում եմ, որ նա լավ բացատրել է այն խնդիրները, որոնք կանգնած են նրանց առաջ: ՌԴ վարչապետի պաշտոնն ստանձնելիս Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Բոլորին է հայտնի, որ ես տանել չեմ կարողանում Սահակաշվիլիին, բայց Վրաստանը անհավանական բարեփոխումներ է իրականացրել, որը մենք պետք է ուսումնասիրենք եւ, գուցե, բերենք Ռուսաստան»,-ընդգծել է Սահակաշվիլին, հավելելով. «Նա խոսում է մեր փոքրիկ երկրի մասին, դա զարմանալի խորհրդանիշ է», հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Նրա խոսքով, դեռեւս 10 տարի առաջ Վրաստանն Արեւելյան Եվրոպայի ամենակոռումպացված վայրերից մեկն էր, իսկ վարդերի հեղափոխությունից հետո իշխանության եկավ նոր սերունդը, սակայն իսկական հեղափոխությունն սկսվեց այն ժամանակ, երբ փողոց դուրս եկած մարդիկ հետ վերադարձան:



























