Հայաստանի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 15-ին հետաձգել է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության հայցի քննությունը մինչեւ 2010թ. փետրվարի 23-ը:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ի ներկայացուցիչները վիճարկում էին Հայաստանի օրենսդրության այն դրույթը, որ թույլ է տալիս ազգային դատարանին մերժելու Եվրոպական դատարանի որոշումը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի որոշումը՝ «Ա1+»-ի մասով, այն է՝ կապուղիների նոր մրցույթ անցկացնել, եւ ապահովել հեռուստաընկերության բնականոն գործունեությունը: Ընկերությունը Հայաստանի իշխանությունների անգործությունը վիճարկել էր Վճռաբեկ դատարանում, սակայն մերժում էր ստացել, եւ սեպտեմբերին դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի այն դրույթը, որ թույլ է տալիս ազգային դատարաններին մերժել Եվրոպական դատարանի որոշումը: Սահմանադրական դատարանը, դիմումը միացնելով մեկ այլ նմանատիպ պահանջով բերված դիմումի հետ, համարել է այն ընդունելի եւ դատաքննության օր նշանակել սույն թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին, սակայն այսօր հետաձգել էր հայցի քննությունը:

«Ա1+»-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատասխանող կողմը՝ Ազգային ժողովը, իրավական դիրքորոշում էր արտահայտել, ըստ որի ՍԴ-ն արդեն 2008թ. հակասահմանադրական է ճանաչել այդ նորմը, եւ դա հիմք է գործի վարույթը կարճելու համար: «ՍԴ-ն հետաձգեց, որ ստանա ԱԺ պատասխանները»,- նշեց Զեյնալյանը: