Սիցիլիայի արևմուտքում ափամերձ Մարսալա քաղաքին հարվածել է երկու տորնադո։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ Առնվազն 11 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, հայտնել է The Guardian-ը։
Ուրբաթ առավոտյան սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ծովի վրա գոյացած երկու մրրիկներ մոտենում քաղաքին։ Տարերքը վնասել է շենքերը, կոտրել պատուհանները և շրջել ավտոմեքենաներ։
Ամենածանր տուժածների թվում է 70-ամյա մի տղամարդ, որին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են Մազարա-դել-Վալո քաղաքի հիվանդանոց՝ բազմաթիվ կոտրվածքներով։ Նախնական տվյալներով՝ մարդիկ վնասվածքներ են ստացել թռչող բեկորներից և ջարդված ապակիներից։
Տորնադոները վնասել են նաև մի դպրոց, որտեղ դեպքի պահին գտնվել է 273 աշակերտ։ Բոլոր երեխաներին հաջողվել է անվտանգ տարհանել։ Վեցը ստացել է թեթև կտրվածքներ և քերծվածքներ։ Տարերքի հարվածից հետո դրոնով արված տեսագրություններում երևում են կոտրված պատուհաններ, շրջված նստարաններ և աթոռներ, ինչպես նաև շենքի զգալի վնասներ։
Վերջին տարիներին Հարավային Իտալիան բախվում է հզոր փոթորիկների վտանգին, այդ թվում այսպես կոչված մեդիկանների՝ հազվադեպ միջերկրածովյան ցիկլոնների, որոնք ունեն արևադարձային փոթորիկներին բնորոշ որոշ հատկանիշներ։ Դրանք կարող են բերել ուժեղ քամի և բարձր ալիքներ։
Մասնագետների տվյալներով՝ Սիցիլիայի ափերի մոտ մրրիկներ առաջացրած փոթորկային համակարգը ձևավորվել է Հյուսիսային Աֆրիկայում ուժեղ շոգի և Միջերկրական ծովի անսովոր տաք ջրի ֆոնին։ Գիտնականները զգուշացնում են, որ կլիմայի փոփոխության պայմաններում ծովի ջերմաստիճանի բարձրացումը կարող է տարածաշրջանում հզոր փոթորիկներին լրացուցիչ էներգիա հաղորդել։
2024 թվականի օգոստոսին մասնագետները Միջերկրական ծովի ռեկորդային բարձր ջերմաստիճանը նույնպես կապում էին Սիցիլիայի ափերի մոտ տեղի ունեցած անսովոր ուժեղ փոթորկի հետ, որի ժամանակ խորտակվել էր Bayesian զբոսանավը։ Այն ժամանակ զոհվել էր յոթ մարդ, այդ թվում՝ բրիտանացի գործարար Մայք Լինչը և նրա դեռահաս դուստրը։





























