Հայաստանում «խոզի գրիպով» (A/H1N1) վարակվածների թիվը դեկտեմբերի 15-ի դրությամբ հասել է 86-ի: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Այսպիսով, նրա խոսքով, միայն վերջին օրվա ընթացքում երկրում գրանցվել է «խոզի գրիպով» վարակվելու 6 նոր դեպք: Մահվան նոր դեպքեր, ըստ Հունանյանի, չի արձանագրվել, չկա նաեւ որեւէ ծանր դեպք: Բոլոր հիվանդներն համապատասխան բուժում են անցնում ինչպես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, այնպես էլ այլ բուժհիմնարկներում:
Հունանյանը հայտնեց նաեւ, որ այսօր առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում քննարկվել են «խոզի գրիպի» արագ տարածման խնդիրները:
Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն իր հերթին NEWS.am-ին հայտնեց, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Երկրում կա դեղորայքի անհրաժեշտ քանակություն՝ հիվանդության դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին երկրում գրանցվել են «խոզի գրիպի» առաջին մահացու դեպքերը, մահացել էր հղի մի կին եւ մի երիտասարդ տղամարդ:



























