Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, ուղերձում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս նախագահական ընտրությունները դարձան առաջինը միջազգայնորեն ճանաչված Աբխազիայում, եւ այդ գործում զգալի է Ձեր ներդրած ավանդը: Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները կնպաստեն Աբխազիայի Հանրապետության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ՝ այդ բարձր եւ պատասխանատու պաշտոնում վերընտրման կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն Ձեր բոլոր գործերում: Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային»:

Նախագահական ընտրություններն Աբխազիայում կայացել էին դեկտեմբերի 12-ին: