2010թ. Լեռնային Ղարաբաղի հարցում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի վրա միջազգային ճնշումը կաճի, եւ նրա համար, որ հանրապետությունը կարողանա դիմագրավել այդ ճնշմանը, անհրաժեշտ են լեգիտիմ իշխանություն եւ ժողովրդի համախմբվածություն: Մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով, Հայաստանի համար գերակա խնդիր է մնում իր պետականության ամրապնդումն ու արդար ընտրությունների անցկացումը: «Որքան շուտ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացվեն, այնքան լավ հանրապետության համար: Ամոթ է, ընկերներ: Մենք վերջիվերջո Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Տեսեք, թե ԵՄ անդամ քանի՞ երկրում է կեղծվում ընտրությունները»,- հարց տվեց Դեմիրճյանը: Ընդ որում ՀԺԿ առաջնորդը հայտարարեց, որ ոչ կուսակցությունում, ոչ ՀԱԿ-ում չի քննարկվել թե ինչ ձեւաչափով են գնալու ընտրությունների: «Ես կարող եմ ասել, որ թե ՀԺԿ-ն, թե ՀԱԿ-ը ունեն բավարար պոտենցիալ, եւ այժմ անհրաժեշտ է ակտիվացնել ընդդիմությանը: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ես միշտ հանդես եմ եկել գաղափարական հենքի վրա քաղաքական ուժերի համախմբման օգտին, հենց այդ պատճառով էլ ես չառաջադրեցի իմ թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններում»,- նշեց Դեմիրճյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ օրակարգում չկա ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու հարցը:
Խոսելով ՀԱԿ-ի առաջիկա անելիքների մասին, Դեմիրճյանը նկատեց, որ հունվարի 8-ին նախատեսված է կոնգրեսի հանրահավաքը: «Սակայն ես պետք է ասեմ, որ թե հանրահավաքները, թե ընդմիջումները պետք է նպատակային լինեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հունվարի 12-ին ՀՅԴ նախաձեռնած հանրահավաքին ՀԱԿ-ի մասնակցելու հնարավորությանը, ՀԺԿ առաջնորդը նշեց, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ից նման առաջարկ չի ստացել:
Մեկնաբանելով Մարքսիստական կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ի շարքերից, Դեմիրճյանը նկատեց, որ Մարքսիստական կուսակցությունը վաղուց էր սառեցրել իր անդամությունը կոնգրեսին, եւ այժմ միայն հրապարակել է այդ փաստը: «ՀԱԿ-ի կազմում ներգրավված կուսակցություններն ազատ են իրենց ընտրության մեջ, նրանք տարբեր քաղաքական հայացքներ ունեն տաբեր հարցերի վերաբերյալ, բայց նրանց կապում է մի բան՝ Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը»,- ասաց նա:
Խոսելով թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունների մասին՝ Դեմիրճյանը նշեց, որ լավ կլիներ, եթե ընտրություններն այնտեղ անցնեին արդար, սակայն դժվարացավ ասել՝ կլինե՞ն այդպիսին, թե՞ ոչ: «Ես միայն կարող եմ ասել, որ ՀԱԿ ներկայացուցիչ, „Հայկական ժամանակ“ թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները բավական բարձր են»,- ասաց ՀԺԿ առաջնորդը:
Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ մարտի 1-ի իրադարձություններին եւ ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն արեցին հնարավորը, այն եւ հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանի ահաբեկչությունը կոծկելու համար: «Համոզված եմ՝ ցանկության դեպքում հանցագործներին հնարավոր էր բացահայտել եւ պատժել, բայց դա չարվեց»,- հայտարարեց նա:




























