Մոտ կես ժամ առաջ ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր, 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի վիրահատությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Վերջինս հայտնեց նաեւ, որ Միքայելյանը շնչուղիների միանգամից երեք վիրահատություն է տարել, որոնք հաջող ավարտ են ունեցել:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել էր 2008թ. հետընտրական ողբերգական իրադարձություններից հետո՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով, եւ դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման: Միքայելյանը պահվում էր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան նախ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա եւ՝ քաղաքացիական հիվանդանոց:




























