Թուրքիայի Մուշի նահանգի Բուլանըք ավանում շարունակվում են բախումները քրդերի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Դեկտեմբերի 16-ին Բուլանըքում հրազենային կրակոցներից սպանված երկու հոգու թաղման արարողություններից հետո կրկին մի քանի խմբեր սկսել են անկարգություններ հրահրել։ Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ երկու հոգու սպանության համար մեղադրվող, տեքստիլագործ Բիլենի տունը ենթարկվել է հարձակման։ Սակայն, ոստիկանությանը հաջողվել է ուղղաթիռով անվտանգ վայր տեղափոխել Բիլենի ընտանիքի անդամներին։
NEWS.am-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 15-ին Թուրքիայի արեւելյան՝ Մուշի նահանգի Բուլանըք ավանում քրդերի կողմից կազմակերպված ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանվել է երկու հոգի եւ վիրավորվել ինը։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման դեմ բողոքի ցույցի ընթացքում հավաքված ամբոխը սկսել է քարկոծել բանկերը եւ պետական նշանակության հիմնարկները։ Բանկին կից տեքստիլագործական արտադրամասը եւս ենթարկվում է քարկոծման։ Արտադրամասի սեփականատերը հրազենով գնդակահարել էր երկու ցուցարարի։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ զոհերից մեկը լրիվ պատահական անցորդ է եղել։
20 հազար բնակչություն ունեցող Բուլանըք ավան ժամանած Մուշից ընտրված պատգամավոր, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» փակված կուսակցության անդամ Սըրրը Սաքըքը հայտարարել է, որ եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուծի քրդական խնդիրը, արյուն չի հոսի։




























