Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեկտեմբերի 16-ին մի խումբ հնչակյանների կողմից Ծաղկաձորում հրավիրված համագումարը համագումար չի համարում, քանի որ կուսակցության վարչության մեծ մասը իր հետ է: ՍԴՀԿ ատենապետը այդ մասին ասաց NEWS.am-ի հետ զրույցում:
Հարցին, թե ինչու են արտակարգ համագումարն անցկացնում դռնփակ, ինչը հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտում է, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Փակ են անում, որ լրագրողներն ականատես չլինեն, թե ինչ մարդկանց են փողոցից բերել իրենց համագումարին: Այնտեղ հնչակյան ընկերներ չկան»:
Հիշեցնենք, որ մի խումբ հնչակյաններ՝ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, արտահերթ համագումար է հրավիրել, որն ընթանում է Ծաղկաձորում, դռնփակ: Կուսակցության փոքր մասը կազմող այդ հատվածը իրեն հռչակել է ՍԴՀԿ եւ մտադիր է կուսակցությունից հեռացնել օրինական կերպով ատենապետ ընտրված Լյուդմիլա Սարգսյանին: Վերջինս արտահերթ համագումար հրավիրողներին մեղադրել է իշխանություններին ծախվելու եւ Հայ ազգային կոնգրեսից ՍԴՀԿ-ն դուրս բերելու նկրտումների մեջ:



























