Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, թե նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը` նա ընդգծել է, որ բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե «վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»:
Խոսելով բուհական կրթության հիմնական խնդիրների ու անելիքների մասին, ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման եւ ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես՝ խոսվել է Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:
Քննարկվել են նաեւ բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը:
Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական եւ նպատակաուղղված աշխատանք` բուհական բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար:




























