NEWS.am-ը զրուցել է 10-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր քարոզարշավը:

Շատ ակտիվ: Տարածքներում հանդիպումներ ենք կազմակերպում, թաղային հանդիպումներ: Մի երկու հանդիպում Նորքում ենք ունեցել, Շրջանայինում, Չարենցի փողոցում, մի խոսքով՝ բակերում, բնակարաններում, տարածքներում:

Պարոն Սիմոնյան, Ձեր մրցակիցները ավելի հայտնի են, քան Դուք, դա Ձեզ չի՞ վախեցնում:

Ի՞նձ: Ինձ ընդհանրապես ոչինչ չի վախեցնում եւ, երկրորդն էլ, ես չէի ասի որ նրանք ավելի հայտնի են, եթե մի երկու թերթում մի քիչ ավելի շատ ա երեւացել ոմանց անունները, դա չի նշանակում , որ իրանք հայտնի են: Ես Երեւանում եմ մեծացել, Կենտրոնում ինձ շատ լավ ճանաչում են, ես շատ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, շրջապատ ունեմ:

Եթե նրանք մի երկու թերթից են հայտնի, ինչպես Դուք եք ասում, ապա Դուք որտեղի՞ց կամ ինչո՞վ եք հայտնի ընտրազանգվածին:


Որտեղի՞ց եմ հայտնի: Երեւան քաղաքից, իմ շրջապատից: Ո՞նց ասեմ, էլ որտեղից եմ հայտնի, Երեւան քաղաքից, Կենտրոնից:

Այսինքն՝ այդքանը բավակա՞ն է մեծ ընտրազանգված ունենալու համար:


Ժամանակը ցույց կտա:

Ինչպե՞ս եք վերաբերվում Հմայակ Հովհաննիսյանի՝ Ձեր հասցեին հնչեցրած որակումներին ու գնահատականներին, դա կանդրադառնա՞ ընտրազանգվածի կողմնորոշման վրա:

Ընդհանրապես հաղթողները պետք է մեծահոգի լինեն, իսկ պարտվողները արժանապատվորեն ընդունեն իրենց պարտությունը: Այնպես որ մարդիկ էդ որակումները տալիս են անօգնականությունից, ուրիշ ասելիք չունեն։ Ես զերծ կմնամ որեւէ որակումից: Հմայակ Հովհաննիսյանի բարոյական պատկերը, կարծում եմ, հաղորդման ժամանակ էլ (Կենտրոն հ/ը «Ուրվագիծ» հաղորդումը-NEWS.am) ես լավ ներկայացրեցի հանրությանը, նրանք էլ, ովքեր կասկածներ ունեին իր պատկանելության վերաբերյալ, ինձ թվում է բոլորին պարզ դարձավ:

Պարտությունից ու հաղթանակից եք խոսում, վստա՞հ եք, որ Դուք եք հաղթելու:

Ես համոզված եմ, այլապես ինչ կարիք կար ընտրապայքարի մեջ մտնել:

Ձեր մրցակիցները, մասնավորապես՝ Հմայակ Հովհաննիսյանն ու Դավիթ Հակոբյանը վստահեցնում են, որ Դուք իշխանության դեսանտն եք:


Ես ծառայել եմ խորհրդային բանակում, բայց ոչ դեսանտային զորքերում, այնպես որ այդ բառը, թե որտեղից են բերել, ես չգիտեմ: «Ազգային միաբանություն» կուսակցությունը, ինչպես գիտեք, իշխանության մաս չի կազմում:

Լուրեր են շրջանառվում, թե Դուք Գագիկ Բեգլարյանի բարեկամն եք եւ Հանրապետական կուսակցությունն էլ Ձեզ է սատարում:

Եթե ազգական բառն եք ուզում օգտագործել, բոլորն էլ ազգական են, ամբողջ հայ ժողովուրդը:

Այնուամենայնիվ, այս ընտրապայքարում ո՞վ է Ձեր մրցակիցը:


Ես ոչ ոքին ինձ մրցակից չեմ համարում, մրցակից թերեւս կարելի է համարել ցուրտ եղանակը, մարդկանց նախատոնական տրամադրությունները, իսկ որեւէ մի անձի ես ինձ մրցակից չեմ համարում, որովհետեւ ես մրցելու խնդիր չունեմ:

Զրուցեց Գայանե Գրիգորյանը