Մայր աթոռ սուրբ Էջմիածինը անընդունելի է համարում մարդկանց կրոնական զգացումներն ու արժեքները ոտնահարելու ցանկացած դրսեւորում: Այս մասին նշվել է Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի Աստվածաբանական խորհրդի նիստում:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովին անդրադարձ է կատարվել Մոսկվայում մայիսի 28-ին տեղի ունեցած միջադեպին, որտեղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան եւ «Մայակ» ռադիոկայանի փորձագետ Սերգեյ Ասլանյանը դանակի 20 հարված էր ստացել եւ հիմա գտնվում է հիվանդանոցում:

Խորհուրդը կատարվածի համար ցավ է արտահայտել` ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում մարդկանց կրոնական զգացումներն ու արժեքները ոտնահարելու ցանկացած դրսեւորում:

«Հայ ժողովրդի զավակները դարեր շարունակ տարբեր երկրներում կողք կողքի են ապրել զանազան մշակույթների եւ կրոնների ներկայացուցիչների հետ` առաջնորդվելով խաղաղ ու ներդաշնակ համակեցության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության սկզբունքներով: Մայր Աթոռի Աստվածաբանական խորհուրդը նշել է նաեւ, որ Հայ Եկեղեցին մշտապես հորդորում է իր զավակներին ապրել իրենց հայրերի նույն ոգով` հավատարիմ մյարդասիրության, եղբայրասիրության եւ հանդուրժողականության բարձր արժեքներին»,-նշել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում տեղի է ունեցել հարձակում «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ավտոմոբիլային մեկնաբան եւ «Մայակ» ռադիոկայանի փորձագետ Սերգեյ Ասլյանյանի վրա: Լրագրողը ստացել է ավելի քան դանակի 20 հարված եւ ուղեղի ցնցում, գրում է izvestia.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Չերտանովսկայա փողոցում մայիսի 28-ին` ժամը 23:15-ին: Հայտնի է, որ հարձակվողները մի քանիսն են եղել: «Վիրահատությունից հետո Ասլանյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա անգիտակից վիճակում է», - հայտնել էր  Life News-ը` վկայակոչելով Սկլիֆոսոֆսկիի անվան ինստիտուտի աղբյուրը:

Մայիսի 14-ին լրագրողը եթերում անհարգալից է արտահայտվել Մուհամեդ մարգարեի հասցեին, մասնավորապես, կիրառելով նրա նկատմամբ « ցեխից իշխան դարձավ» արտահայտությունը: Դա հարուցել է մահմեդական հասարակության կտրուկ բացասական վերաբերմունքը:

Զաքաբանի մզկիթի իմամն ու հավատացյալները, եւ Թաթարստանի հասարակության ներկայացուցիչները դիմել են Ռուսաստանի Գլխավոր դատախազություն, հայտարարելով, որ վիրավորված են Ասլանյանի խոսքերից:

Ներկայում լրագրողի հիվանդասենյակում հերթապահում են ոստիկանները: Այնտեղ են գտնվում նաեւ քննիչները, որոնք ճշտում են հարձակման հանգամանքները: