Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող MGM Mirage ընկերության և Dubai World պետական ընկերության համատեղ City Center շինարարական նախագծի շրջանակներում արդեն այս շաբաթ Լաս-Վեգասում տեղի կունենա նախագծի Aria հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Aria համալիրն իրենից ներկայացնում է ավելի քան 4 հազար հյուրանոցային սենյակների, հայտնի բրենդային խանութների, շուրջ 16 ռեստորանների և խաղատների համալիր:

Նշենք, որ MGM Mirage և Dubai World ընկերությունների կողմից Լաս-Վեգասում իրականացվող City Center համատեղ շինարարական նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 8,5 մլրդ դոլարը:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ, MGM Mirage ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով City Center նախագծի շրջանակներում կատարված աշխատանքները, անդրադարձել են նաև վերջերս համաշխարհային ֆինանսական շուկան ցնցած Dubai World պետական ընկերության ֆինանսական խնդիրներին և նշել, որ դրանք որևէ կերպ չեն ազդել City Center նախագծի ընթացքի վրա, և նախագծի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ավարտվում են սահմանված ժամկետներում:

Հիշեցնենք, որ Դուբայի Էմիրությունը, կուտակելով շուրջ 80 մլրդ դոլար պարտք, հայտնվել է դեֆոլթի եզրին, ընդ որում պարտքի գերակշիռ մասը` շուրջ 60 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը: