Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն օրերս հանդիպել է Բուենոս Այրեսի քաղաքապետ, քաղաքական գործիչ, ազգային խորհրդարանի Ստորին պալատի անդամ եւ «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այդ մասին հայտնում է Արգենտինայի հայերի «Diario Armenia» թերթը:
Հանդիպման ընթացքում Կարմիրշալյանն ընդգծել է, թե 2000թ. Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ համագործակցության հայտարարագիրը բազում հնարավորություններ է ընձեռում երկու երկրների մայրաքաղաքների համար:
Մակրին իր հերթին ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել օգտվել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերից՝ այցելել Հայաստան՝ նշելով, որ հաճույքով կընդունի նրա գլխավորած պատվիրակությանը Բուենոս Այրեսում:
Հայաստանի դեսպանն առաջարկել է այդ կապակցությամբ կազմակերպել «Երեւանի շաբաթ» մշակութային միջոցառում, որին դրական պատասխան է ստացել:



























