«Տեսչության մեր օրենքը այն առանձնահատուկ օրենքներից է, որը հիմնադրվեց բրիտանական փորձի վրա եւ չունի պատժիչ գործողությունների մեխանիզմ։ Տրված են այնպիսի լիազորություններ, որ կարողանանք նպաստելու ծրագրերի կատարմանը եւ պետական քաղաքականությանը»,- դեկտեմբերի 18-ին «Դուպլեքս» ակումբում այսպես ինքնապաշտպանվեց Կրթության ու գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը՝ այս կերպ փորձելով կանխել լրատվամիջոցների ավելորդ հետարքրությունը, ովքեր տեսչության պետից պահանջեցին ներկայացնել իրենց ստոգումների ընթացքում բացահայտված աղաղակող խախտումները: Վերջինս լղոզված ներկայացրեց, որ ընդհանրապես խախտումներ հայտնաբերվել են, եւ մարզպետները ենթարկվել են կարգապահական տույժերի, բայց թե որ մարզերում են հատկապես ավելի շատ հայտնաբերվել խախտումներ ու որ մարզպետներն են «պատժվել», Խ. Մուրադյանը պատասխանեց. «Ես սենսացիաների մասնագետ չեմ, եթե սպասում եք, որ սենսացիոն հայտարարություններ անեմ»:

NEWS.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից դասագրքերի փորձաքննության անցկացման եւ սահմանամերձ, բարձր լեռնային շրջանների ուսուցիչների աշխատավարձի 50 տոկոս հավելավճար տալու մասին կետերի դուրս բերմանը, տեսչության պետը պատասխանեց. «Հավելավճարներ այդ վայրերում օրենքով սահմանված կան, բայց դա արվել է, հավանաբար, այսօրվա բյուջեն հաշվի առնելով»։ Իսկ դասագրքերի հետ կապված կետի դուրս բերումը պաշտոնյան առաջին անգամ մեզանից լսեց. «Ես քննարկումն եմ լսել, ընդունվել է, թե ոչ, չգիտեմ», ասաց նա: