«Ջերմուկի մայր գործարան» ընկերությունը հանքային ջրերի գինը չի բարձրացրել: Այդ մասին NEWS.am-ին ասաց ընկերության տնօրեն Հայկ Հովսեփյանը: Նրա խոսքով` ընկերության տնօրենների խորհուրդը քննարկել է հարցը եւ որոշել, որ կարելի է հումքի թանկացումների վնասները ծածկել շրջանառությունն ավելացնելու միջոցով:
«Տեսնենք` մեր ռիսկն այդ կերպ կարդարացվի՞, թե՞ ոչ»,- ասաց Հ. Հովսեփյանը: Որոշ ռիսկեր, մասնավորապես, առաջանում են դրամի արժեզրկման հետեւանքով: Օրինակ` խցանները, փաթեթավորման համար օգտագործվող նյութերը եւ այլն, թանկացել են վերջին ամիսներին` կապված փոխարժեքի հետ; Բյուրեղավանի շշերի գործարանի գներն էլ կախված են գազի գներից, քանի որ ապակու հալման ժամանակ մեծ ծավալներով գազ է օգտագործվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում հանքային ջրերի շշալցմամբ զբաղվող խոշորագույն` «Ջերմուկ գրուփ» ընկերությունը թանկացրել է «Ջերմուկ» հանքային ջուրը: «Ջերմուկի» արտադրությամբ Հայաստանում զբաղվում են մի քանի ընկերություններ, որոնցից առավել հայտնի են երկուսը` «Ջերմուկ գրուփը» եւ «Ջերմուկի մայր գործարանը»:




























