Հունիսի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հոբելյանական 20-րդ արարողությունը: Արարողությանը ներկա են եղել համալսարանի ղեկավարությունը, հոգաբարձուների խորհրդի անդամները, շրջանավարտները, ծնողները եւ հյուրեր:
Համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանը նշել է, որ Հայաստանում համալսարանի ստեղծումը համարձակ քայլ է եղել: «Համալսարանն ստեղծվել է 1991 թվականին` Հայաստանի պատմության դժվարագույն ժամանակում:
Երկիրն ապրել էր 1988 թվականի երկրաշարժը, ԽՍՀՄ փլուզւոմը, պատերազմը Ղարաբաղում: Չնայած այդ ամենին` համալսարանը կայացել է»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ կաշխատի առանց ջանք խնայելու, որպեսզի հնարավորություն տա կրթություն ստանալ բոլոր ցանկացողներին:
Բողոսյանն ընդգծել է, որ համալսարանը Հայաստանի, Քալիֆորնիայի համալսարանի եւ համահայկական բարեգործական հիմնադրամի ջանքերի համատեղ արդյունքն է: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի գիտության եւ կրթության նախարարությանը:
Բերքլիում Քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը քալիֆորնիական համալսարանի շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել:
2012 թվականի շրջանավարտներից հետո Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ընդհանուր թիվը գերազանցում է 2200-ը:




























