Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հրաժարվել է գնել Sukhoi Superjet 100 երկրորդ ինքնաթիռը: Այդ մասին ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան` առանց մանրամասնելու հրաժարվելու պատճառները:

Նա նշել է, որ երկրորդ SSJ-100 ինքնաթիռը նախատեսվում էր ձեռքբերել 2012 թ. հունիսի 20-հուլիսի 30 ժամանակահատվածում, սակայն այդ մտադրությունից ետ է կանգնել:

Նշենք, որ առաջին SSJ-100 ինքնաթիռը «Արմավիան»գնել է 2011 թ. ապրիլին: Այն ժամանակ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ եթե ինքնաթիռն արդարացնի իրեն, ապա ձեռք կբերվեն եւս մի քանիսը: Իսկ այս տարվա փետրվարին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության նախագահ Վլադիմիր Պրիսյաժնյուկը հայտարարեց, որ մտադիր է «Արմավիայի» հետ 6 SSJ-100 ինքնաթիռների մատակարարման պայմանագիր կնքել:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս ինքնաթիռների շահագործման հետ կապված ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ: Մասնավորապես` այս պահին «Աէրոֆլոտը» չի շահագործում 8 նորագույն ինքնաթիռներից 4-ը: