Պետական համերգասրահներում ֆոնոգրամայի տակ երգեցողության երկու դեպք է գրանցվել: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` ամփոփելով 2009 թվականը: Նախարարի խոսքով, այդ դեպքերը հայտնաբերվել են մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից, սակայն նախարարը չնշեց երգիչների անունները:
Անդրադառնալով Սունդուկյանի անվան Պետական Ազգային Ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի նշանակման հարցին՝ Հասմիկ Պողոսյանն ասաց, որ գեղարվեստական խորհրդի որոշմամբ, թատրոնում ներկայացումներ են դնելու «Գոյ» թատրոնի ռեժիսոր Արմեն Մազմանյանը, «Փոքր թատրոնի» ռեժիսոր Վահան Բադալյանը եւ «Խամաճիկների թատրոնի ռեժիսոր Արմեն Էլբակյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի հրաժարականին, նախարարը նշեց, որ անցած շաբաթ են ստացել նրա դիմումը, սակայն այն դեռ չի ընդունվել:
»Կոլեկտիվում եղավ այն, ինչ բոլոր ստեղծագործական կոլեկտիվներում: Ցանկացած ստեղծագործական կոլեկտիվ ապրում է ճգնաժամային պահեր: Մի կաթիլ մեղրի պատմությունն է եղել",ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ներկայումս կոլեկտիվն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Խոսելով Թուրիքայում վերականգնվող 3 հայկական եկեղեցիների մասին՝ մշակույթի նախարարն ասաց, որ հայաստանյան փորձագետներն անպայմանորեն ներգրավվում են այդ գործընթացին: Իսկ Թուրքիայի մշակույթի ներկայացուցիչների հետ նախարարի հանդիպումը հիմնականում լինում է ոչ պաշտոնական մակարդակով. «Բոլորս պատրաստակամ ենք համագործակցության, թեեւ շատ կարեւոր է արձանագրությունների վավերացումը»,-ասաց նա։
Հասմիկ Պողոսյանին բավարարում է պետության կողմից մշակույթին հատկացվող գումարի քանակը։ «Տրվում է բյուջեի 1 տոկոսը, ինչը եվրոպական չափանիշներով վատ ցուցանիշ չէ», -նշեց նախարարը՝ շարունակելով, որ «Հայաստանում դեռ զարգացած չէ մեկենասների ինստիտուտը»։




























