Հայաստանի կողմից արտաքին պարտքերի վերադարձման հետ կապված վտանգը առաջնային չէ Հայաստանի կառավարության համար: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան հարցի, թե արդյոք մտավախություն չունի երկրի իշխանությունը վերցրած հսկայկական վարկերը մարելու հետ կապված: Նրա ներկայացմամբ, այս պահի դրությամբ արտաքին պարտքի վերադարձելիության հուսալիությունը բավականին բարձր է եւ այն մեծ բեռ չէ երկրի համար: Հիշեցնենք, որ միայն այս տարի Հայաստանը միջազգային կառույցներից ու Ռուսաստանից վերցրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի վարկ, որի արդյունքում ՀՀ պետական պարտքը ոտեցել է ՀՆԱ մոտ 40 տոկոսին:
Ըստ Տ. Սարգսյանի, 2009 թվականին վերցված վարկային միջոցները կարելի է բաժանել երկու մասի: Առաջինում դրանք նպատակային վարկերն են, որոնք ուղղվում են ենթակառուցվածքներին եւ որոնց ամբողջ ծանրությունն ընկնում է բյուջեի վրա: Երկրորդ տեսակի վարկերը դրանք այն վարկերն են, որոնք պետությունը վարկերի տեսքով տրամադրել կամ տրամադրելու է ձեռնարկություններին: Այս դեպքում, ըստ նրա, դրանց վերադարձման ծանրությունն ընկնում է հենց այդ ձեռնարկությունների վրա, թեեւ դա պետության արտաքին պարտքի մի մասն է:



























