«Մենք օլիգոպոլիաների գոյության մասին խոսում ենք արդեն 10 տարի, եւ այն նոր երեւույթ չէ»,- դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ օլիգոպոլիան խաթարում է մրցակցությունը եւ բերում գների կոշտության: Նրա խոսքով, օլիգոպոլիան դա մոնոպոլիա չէ, օլիգոպոլիայի ժամանակ ոլորտում գործում են տասնյակ ընկերություններ, սակայն նրանցից ոմանք գերիշխող դիրք ունեն ու կարողանում են ազդել գների վրա:

Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունը դրանք վերացնելու առումով, Տ. Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար պետք է մի քանի ուղղությամբ աշխատանքներ տարվեն. Պետք է հստակ աշխատի մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետք է հարկային վարչարարության հստակեցում, պետք է քաղաքական գործիչները չզբաղվեն բիզնեսով եւ վերջապես՝ հասարակության մեջ պետք է համապատասխան տրամադրություններ լինեն: Որպես օլիգոպոլիաների դեմ պայքարի առաջին միջոցառում՝ վարչապետը նշեց այն, որ այսուհետեւ հայաստանյան 500 խոշորագույն ընկերություններ իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն դրսից հրավիրված անկախ աուդիտի պարտադիր առկայությամբ:

Լրագրողների կողմից հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք վարչապետը տվյալներ ունի, որ պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով եւ եթե ունի, թող հրապարակի նրանցից մի քանիսի անունները: Այս առնչությամբ Տ. Սարգսյանն ասաց. «Այսօր կարող ենք քաղաքական գնահատական տալ եւ ասել, որ պաշտոնյաները զբաղվում են բիզնեսով: Բայց մենք չենք ստեղծել օրենսդրական նորմատիվային հիմքեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս այս երեւույթի հետ աշխատելու: Հիմա պետք է ունենանք քաղաքական կամք՝ ընդունել համապատասխան օրենսդրություն եւ ստեղծել հստակ մեխանիզմներ, որպեսզի դա լինի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ առարկայական գնահատական: Որ լինեն պատասխանատու մարդիկ, որոնք կհսկեն այս գործընթացը եւ հանրությանը հստակ գնահատականներ կտան, թե որ պաշտոնյան է զբաղվում բիզնեսով: Բանն այն է, որ պաշտոնյաներն իրավունք ունեն լինել սեփականատերեր, ունենալ բաժնետոմսեր, բայց նրանք իրավունք չունեն կառավարել այդ բիզնեսը: Մենք պետք է մեխանիզմ ստեղծենք, որպեսզի թույլ չտանք, որ նա կառավարի իր ունեցած բիզնեսը»: Վարչապետի խոսքով, այդ մեխանիզմները աշխարհում կան եւ մենք ուղղակի պետք է դրանք ներդնենք մեզ մոտ: «ամենակարեւոր մեխանիզմը դա բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը հրապարակայինդարձնելը եւ այն վերահսկելն է»,- ընդգծեց վարչապետն ու հավելեց, որ պետք է նրանք հայտարարագիր ներկայացնեն, որը բաց ու մատչելի կլինի բոլորի համար:

Հիշեցնենք, սակայն, որ այդ մեխանիզմները հիմա էլ օրենսդրության մեջ կան, սակայն դեռեւս որեւէ պաշտոնյա բիզնեսով զբաղվելու համար չի պատժվել: