«Ցավոք, պատիժ կիրառող մարմինները, այդ թվում դատարանները հաճախ օբյեկտիվ ու անաչառ չեն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ինստիտուտները չպետք է գործեն»,- ահա այսպիսի պատասխան տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանելով այն փաստը, որ օրերս կառավարությունը դրական գնահատական է տվել այն օրինագծին, որով նախատեսվում է զրպարտության համար մինչեւ 2 միլիոն դրամով տուգանել լրատվամիջոցներին:

Հարցին, թե կարո՞ղ է ինքը հայտարարել, որ նմանատիպ որոշում կայացնող դատարանի որոշումը անաչառ ու օբյեկտիվ է լինելու եւ կարո՞ղ է նկարագրել, թե ինչ կլինի հայկական մամուլի հետ (հատկապես ընդդիմադիր), եթե այդ փոփոխությունները կյանքի կոչվեն, նա պատասխանեց. «Լրատվամիջոցների խնդիրը միշտ գտնվելու է հենց լրատվամիջոցների, ուստիօ նաեւ ողջ հանրության ուշադրության կենտրոնում եւ համոզված եմ, որ դատական համակարգը ունակ է կայացնելու ազնիվ ու արդար որոշումներ: Հավաստիացնում եմ, որ այդ ոլորտում կայացվող դատարանի որոշումներում ռիսկերն ավելի փոքր են, քան ասենք, տնտեսական ոլորտում»:

Իսկ «Ա1+»-ի, «Չորորդ իշխանություն», ժամանակին նաեւ «Օրագիր» եւ այլ լրատվամիջոցների փակվելու մասին օրինակներին ի պատասխան էլ նշեց, որ 1-2 օրինակով չի կարելի ընդհանրական եզրակացություն անել: