Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տարի Ամանորն անցկացնելու է Երեւանում` ընտանքի հետ, սակայն դրանից անմիջապես հետո 3-4 օրով բացակայելու է հանրապետությունից` բուժման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին ասաց Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայումս բանակցություններ են ընթանում բժիշկների հետ, եւ եթե տեղի բժիշկները ասեն, որ ունակ են նույն բուժումը Երեւանում անցկացնել, հնարավոր է, ինքը արտասահման չմեկնի:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե որն է վարչապետը համարում 2009 թվականի ամենամեծ ձեռքբերումը, ինչին ի պատասխան նա ասաց. «Ճիշտ կլինի հասարակությունը գնահատի: Կարող է ես մեծ ձեռքբերում համարեմ, բայց իրականում դա փոքր լինի, կամ սկզբում դա մանրուք թվա, ասենք՝ ամրագոտի կապելու օրենքի կիրառումը, բայց հետո հասկանանք, որ դրանով հասարակության վարքագծի փոփոխման սկիզբ ենք դրել, որը շատ կարեւոր է»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է խնդրել Ձմեռ Պապից, Տ. Սարգսյանը դժվարացավ պատասխանել, նշելով միայն, որ երբ փոքրիկ էր, տպավորված էր խորհրդային շրջանի հսկայական մեքենաներով եւ երազում էր, որ մեծանա «կռազի վարորդ» է դառնալու:




























