ԱՊՀ երկրների եւ նրանց նկատմամբ եվրոպական երկրների լեգիտիմ շահերը պետք է իրացնել «լեգիտիմ մեթոդներով»: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով դիվանագիտական տարվա արդյունքները:

«Պետք չէ թաքուն խաղալ, պետք չէ հետխորհրդային երկրներին դնել ընտրության առջեւ՝ „կա՛մ մեզ հետ, կա՛մ Ռուսաստանի“: Իսկ նման փորձեր մեր որոշ արեւմտյան գործընկերներ ձեռնարկել են եւ շարունակում են ձեռնարկել: Մենք անկեղծորեն քննարկում ենք դա, չենք փորձում ձեւ անել, որ չենք նկատում այդ փորձերը, չենք փորձում նեղանալ եւ դադարեցնել երկխոսությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանում հասկանում են Արեւմուտքի ձգտումը՝ կապեր հաստատել ԽՍՀՄ նախկին երկրների հետ:

Նրա խոսքով, Ռուսաստանը կողմ է, որ այդ բոլոր խնդիրները ազնվորեն եւ բաց քննարկվեն, որ ԱՊՀ տարածաշրջանում տարվող աշխատանքում լիովին հարգվեն առկա իրողությունները:

Նա նշել է, որ Համագործակցության երկրներին պետք է վերաբերվել բազմավեկտոր քաղաքականության սկզբունքներից ելնելով: Լավրովը նշել է նաեւ, որ այս տարի ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության աճ է գրանցվել: