Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 25-ին կայացած նիստում Պետական պահպանության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանին եւ Հովհաննես Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով` (Պաշտոնեական լիազորություններն անցնելով բռնություն գործադրելը) եւ դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, ոստիկաններին ազատ է արձակել դատարանի դահլիճից՝ համաներում կիրառելով:

Հիշեցնենք, որ Գեղամ Հարությունյանը եւ Հովհաննես Ղուկասյանը մեղադրվում էին 2008թ. մարտի 1-ին անհայտ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ:

Դատավորը անեւ որոշում է կայացրել է ոստիկաններին առաջիկա մեկ տարում զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ երկու ոստիկանները ռետինե մահակներով ծեծի են ենթարկել մինչ այդ ոստիկանների ուղղությամբ քարեր նետած ու նրանց հայհոյած մի անհայտ քաղաքացու, որը արդեն վնասազերծված եւ գետնին պառկած է եղել։

Հիշեցնենք, որ մարտիմեկյան գործերով նախաքննական մարմինը քր.գործ է հարուցել ընդամենը չորս ոստիկանների նկատմամբ, որոնք բոլորն էլ համաներմամբ ազատ են արձակվել: Դեկտեմբերի 16-ին երեքական տարվա ազատազրկման եւ համաներման էին արժանացել ՊՊԾ գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանն ու Գեղամ Գրիգորյանը: