Անկարան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին, եւ թույլ չի տա տարաձայնություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳն ղեկավար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 25-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Անկարան, նրա խոսքով, ցանկանում է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորում, միեւնույն ժամանակ ձգտում է առաջիկայում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:
«Մենք պայմաններ չենք ստեղծի (Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ) հարաբերությունների վատթարացման համար, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները շատ սերտ են, եւ սառեցումն անթույլատրելի է»,- հայտարարել է Դավութօղլուն:
ՆՐա խոսքով, Թուրքիան ձգտում է լուել տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով:
«Մենք ցանկանում ենք տարածաշրջանային խնդիրները դիվանագիտական ճանապարհով»,- նկատել է Դավութօղլուն՝ միաժամանակ հավելելով, որ իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է: Նա ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան հակամարտությունը հանել «սառեցվածների» թվից:
Ինչպես իր հերթին հայտարարել է Էլմար Մամեդյարովը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նրա խոսքով, Թուրքիան մշտապես տեղեկացնում է Ադրբեջանին տարածաշրջանային իրադարձությունների մասին, եւ Բաքվի ու Անկարայի հարաբերություները միշտ բաց են քննարկվում:
Նա նաեւ հայտնել է, որ Դավութօղլուի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթումը» եւ երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերությունները: Տարածաշրջանի զարգացմանը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, խոչընդոտում է «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»:
«Ես ցանկանում եմ հերքել բոլոր ենթադրությունները, թե մեր երկրների միջեւ „սեւ կատու“ է անցել: Մենք Թուրքիայի հետ բոլոր հարցերը քննարկում ենք մի տան մեջ, այդպես կլինի նաեւ ապագայում: Նույնիսկ եթե տարաձայնություններ են լինում, մենք դրանք լուծում ենք եղբայրաբար»,- հավելել է Մամեդյարովը:
Հաստատելով իր ադրբեջանի գործընկերոջ խոսքերը, Դավութօղլուն նշել է, որ երկրների մեջ որեւէ խնդիրներ չկան, եւ չեն կարող լինել, հաղորդում է Trend News-ը:




























