Հռոմի պապի վրա պարբերական հարձակումները, հնարավոր է, կազմակերպված բնույթ են կրում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգագրագետ, Հայաստանի կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանը՝ մեկնաբանելով նախօրեին Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա կատարված հարձակումը:

«Այն, որ հայրապետի վրա համարյա ամեն տարի հարձակումներ են կատարվում, հիմք են տալիս կարծելու, որ դա պատահական չէ: Նույնիսկ եթե այդ կինը հոգեկան հիվանդ է, ոչինչ չի նշանակում»,- կարծում է Խառատյանը:

Նա նշել է նաեւ, որ կրոնական աշխարհում այժմ արժեքների վերանայման գործընթաց է գնում: Ողջ եվրոպական եւ, անգամ, համաշխարհային հանրությունը փորձում է իրեն համոզել, որ հավատը մեծ դեր չի խաղալու մարդու՝ սեփական ինքնագնահատման գործում, սակայն, ինչպես ավելի վաղ նախազգուշացրել էին քաղաքագետները եւ այժմ էլ ապացուցում է փորձը, կրոնը կրկին քաղաքական ենթատեքստ է ստանում: