NEWS.am-ի թղթակցի հարցազրույցը Հայաստանի կառավարող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս եք գնահատում անցնող քաղաքական տարին, որո՞նք էին 2009 թվականի հիմնական ձեռքբերումներն ու ձախողումները:

2009թ-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար քաղաքական օրակարգի առումով բավականին հագեցած ժամանակահատված էր: Տարեսկզբին տեղի ունեցավ մեր կուսակցության հերթական՝ չորրորդ համագումարը, որին հրավիրվածների կարգավիճակով մասնակցեցին հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ մեր արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարը նախանշեց կուսակցության ապագա երկու տարիների համար նախատեսված նոր ռազմավարությունը, որի հիմնական ուղղություններ հռչակվեցին կուսակցական շինարարության արդյունավետության բարձրացումը, կուսակցության երիտասարդականացումը, սերնդափոխությունն ու երկրի սոցիալ-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության քաղաքական գործելաոճը: Ողջ 2009-ի ընթացքում մենք հետեւողականորեն այդ գիծը տարանք:

2009թ-ին հայաստանյան քաղաքական ուժերի համար որոշակի առումով փորձաքար դարձան նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները, որին իր համամասնական ցուցակով մասնակցեց «Բարգավաճ Հայաստանը»: Պետք է փաստեմ, որ մենք զգալիորեն բարելավել ենք մեր դիրքերը մայրաքաղաքում: Կուսակցությունն այդ ընտրություններում հավաքեց ընտրողների շուրջ 23 տոկոսի ձայները եւ այսօր Երեւանի ավագանիում 17 մանդատով ձեւավորել է առանձին խմբակցություն: Ընդամենը 2 տարվա ընթացքում մենք մայրաքաղաքում կարողացել ենք բարելավել մեր դիրքերը 8 տոկոսով: Մինչդեռ, Հայաստանի քաղաքական դաշտում գործող շատ կուսակցություններ, որոնք ունեն քաղաքական գործունեության շատ ավելի հին ավանդույթներ, չկարողացան հաղթահարել օրենքով սահմանված 7 տոկոսանոց արգելքի շեմը: Միաժամանակ, պետք է նշեմ, որ քաղաքային ընտրությունները վեր հանեցին մի շարք կազմակերպչական թերություններ, որոնք հուսով եմ, շուտափույթ կուղղվեն, եւ գալիք ընտրություններին մենք կմասնակցենք ավելի կազմակերպված տեսքով եւ ավելի բարձր արդյունքների ակնկալիքով:

Միջկուսակցական համագործակցության առումով տարին նույնպես հագեցած էր: Մեր կուսակցության պատվիրակությունը մասնակցեց ԲՀԿ գործընկեր կուսակցությունների` Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկրի», «Ուկրաինայի տարածաշրջանների» եւ համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների համագումարներին: Տարվա ընթացքում եղան նաեւ մի շարք այլ փոխադարձ այցելություններ: Կարծում եմ, որ տարին, ընդհանուր առմամբ, դրական էր մեր կուսակցության գործունեության համար:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ղեկավարած կուսակցության գործունեությունը:

Ինձ համար դժվար է գնահատական տալ մի կուսակցության գործունեության մասին, որի ղեկավարն եմ ես, քանի որ այդ դեպքում դժվար է խուսափել սուբյեկտիվ գնահատականներից: Սակայն մի բան ակնհայտ է, եւ ես համոզված կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը անընդհատ աճում է եւ, իմ խորին համոզմամբ, դեռ չի հասել իր գագաթնակետին: Ամենակարեւորը, ժողովուրդը մեզ վստահում է, մեզ հետ հույսեր է կապում, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հույսն ու հավատը միշտ բարձր պահենք:

Թեեւ, ինչպես ասում են, գուշակություններն անշնորհակալ գործ են, այդուհանդերձ, որո՞նք են Ձեր կանխատեսումները 2010 թվականի համար:

2010-ը իմ խորին համոզմամբ, լինելու է ծանր, տքնաջան աշխատանքի տարի: Որպեսզի կարողանանք վերականգնել եւ առողջացնել մեր տնտեսությունը, անհրաժեշտ է համատեղել պետության, հասարակության եւ գործարար մարդկանց ջանքերը: Միայն այդ դեպքում կարելի է արագ հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կործանարար ալիքը: Որեւէ պարագայում չպետք է մոռանալ նաեւ, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության փուլում եւ տնտեսական մրցակցությունը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ: Տնտեսությունը պահանջում է էական կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություն: Ազատ մրցակցություն, հավասար խաղի կանոններ բոլորի համար, մենաշնորհների վերացում, հարկային բեռի թեթեւացում փոքր բիզնեսի համար, հովանավորչության էական նվազում. սա է առողջ տնտեսություն ունենալու միակ եւ ճիշտ ճանապարհը:

Պարոն Ծառուկյան, քննարկվե՞լ է արդյոք 2012թվականի խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած կուսակցության մասնակցության հարցը:

Ընդհանրապես, մենք կիսում ենք այն տեսակետը, որ ընտրությունները սկսվում են նախորդի հաջորդ օրը: Իսկ այդ առումով յուրաքանչյուր կուսակցություն պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր պահի մտնելու քաղաքական ընտրապայքարի մեջ: Մինչեւ 2012 թվականի համապետական ընտրությունները դեռ ժամանակ կա: Մենք պատրաստվում ենք այդ ժամանակահատվածն օգտագործել կուսակցության ներքին կազմակերպական կառուցվածքը հստակեցնելու, կուսակցական տարբեր օղակների միջեւ ֆունկցիոնալ փոխհարաբերությունների մակարդակը բարձացնելու ուղղությամբ: Հուսով եմ, որ 2012-ին ընդառաջ մենք կազմ ու պատրաստ կլինենք ներգրավվելու ընտրական գործընթացների մեջ:

Պարոն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Եւ պե՞տք է արդյոք կոալիցիան ընդհանրապես:

Կոալիցիոն պարտավորությունները մենք Հանրապետական կուսակցության եւ այլ գործընկերների հետ ստանձնեցինք 2007թ-ի խորհրդարանական եւ 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո՝ նպատակ ունենալով երաշխավորել Հայաստանի առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում հաղթահարել անվստահության պատվարն ու հաստատել հասարակական համերաշխության մթնոլորտ: Կարծում եմ, որ այս գերակա սկզբունքները մեզ համար այսօր էլ առաջնային են եւ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում մենք այսօր էլ ակտիվորեն համագործակցում ենք մեր մնացած գործընկերների հետ: Բացի այդ, նշեմ, որ կոալիցիոն կառավարության ծրագրում տեղ գտան մեր նախընտրական ծրագրի հիմնական առանցքային դրույթները, ինչը եւս լուրջ հիմք հանդիսացավ մեր` կոալիցիայի կազմում ընդգրկվելու համար:

Ընդհանրապես, պետք է նշեմ, որ քաղաքական կոալիցիան աշխատող, առողջ եւ կենդանի օրգանիզմ է: Եվ անպայման չէ, որ բոլոր հարցերն այնտեղ ընդունվեն միաձայն: Մենք միշտ էլ մեր սկզբունքային դիրքորոշումն ենք հայտնել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ունեցել ենք հատուկ վերաբերմունք: Այս պահին կոալիցիայի ներսում հաստատված են նորմալ, գործնական եւ աշխատանքային հարաբերություններ, որոնց ընթացքում մենք մեր սեփական տեսակետներն ենք հայտնում կառավարության կատարած քայլերի վերաբերյալ, օրենսդրական ճանապարհով աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ծրագրին, միաժամանակ, սկզբունքային ենք այն հարցերում, որտեղ մեր տեսակետները տարբերվում են:

«Բարգավաճ Հայաստանը» այսօր ունի լուրջ դերակատարություն երկրի քաղաքական կյանքում եւ պատրաստ է ստանձնելու էլ ավելի լուրջ պատասխանատվություն երկրի քաղաքական կառավարման գործընթացում:

Ինչպե՞ս եք գնահատում տարին տնտեսական տեսանկյունից, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2010 թվականից:

Տնտեսական առումով տարին շատ ծանր էր Հայաստանի տնտեսության համար: Բնականաբար, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդեց նաեւ մեր երկրի եւ հատկապես՝ տեղական արտադրողների վրա: Հայկական ապրանքների համար ավանդական համարվող շատ շուկաներ այսօր ճգնաժամի մեջ են, այդ իսկ պատճառով էլ արտահանման ծավալները կրճատվել են: Սակայն հուսահատվելու պատճառ ես չեմ տեսնում: Փորձում ենք ակտիվացնել մեր կապերը ԱՊՀ տարածքի, արեւելաեվրոպական երկրների, լայն թափով զարգացող չինական շուկայի հետ: Դրա հետ մեկտեղ, որպես գործարար, ես ինձ համար մի սկզբունք եմ որդեգրել. ինչքան էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր ու երկար տեւի, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ինձ պատկանող ձեռնարկություններում կրճատումներ չլինեն: Սա սոցիալական պատասխանատվության բեռ է, որը, իմ կարծիքով, յուրաքանչյուր գործարար պետք է որոշ չափով վերցնի իր ուսերին, քանի որ միայն շահույթի մասին չպետք է մտածել եւ ամեն ինչ պետության վրա չպետք է թողնել: Այսօր ինձ պատկանող ձեռնարկություններում ներգրավված են ավելի քան 20 000 աշխատողներ: Զանգվածային կրճատումների դեպքում դա կարող է շատ ծանր անդրադառնալ ինչպես այդ ընտանիքների, այնպես էլ պետության վրա: Մի բան պարզ է. որ ձեռքերը ծալած նստել եւ սպասել, թե երբ է այս ճգնաժամը ավարտվելու, անթույլատրելի է: Տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը պահանջում է ուժերի գերլարում: Եւ միայն պետության, հասարակական-քաղաքական ուժերի եւ գործարարների համատեղ ջանքերով է հնարավոր արագ ու շուտափույթ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Պետությունն ի՛ր հերթին, մեր երկրի գործարար աշխարհն ի՛ր հերթին, ամեն ինչ անելու են, որպեսզի ճգնաժամը նվազագույն կերպով ազդի մեր ժողովրդի ու ազգաբնակչության վրա:

Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը: Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եւ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:

Մեր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորում է երեք հիմնական սկզբունք. Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս: ԼՂՀ ժողովուրդն ազատագրական պայքարի արդյունքում իրացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ ստեղծել իր անկախ պետությունը, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է: Երկրորդ՝ ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենան ցամաքային սահման, քանզի այդ սահմանը եւ կապը Հայաստանի հետ ԼՂՀ անվտանգ գոյության հիմնական երաշխիքն է, եւ երրորդ՝ Ղարաբաղի բնակչությունը պետք է ունենա անվտանգության միջազգայնորեն ընդունված երաշխիքներ: Արցախի ժողովուրդը պետք է ունենա իր սեփական երկրում անվտանգ ապրելու եւ արարելու իրավունք: Ինչ վերաբերում է բանակցային վերջին զարգացումներին, ապա այդ գործընթացի տրամաբանությունը պետք է հանգեցնի ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմանը բանակցային գործընթացում. առանց ԼՂՀ մասնակցության՝ նրա ճակատագիրը չի կարող որոշվել:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին: Հասկանում եմ այն մեծ ուշադրությունը, որ կա հասարակության մեջ՝ տվյալ խնդրի վերաբերյալ: Իհարկե, որքան էլ պարզաբանումները լինեն մանրակրկիտ, այդուհանդերձ այդ թեմայի վերաբերյալ թերահավատությունը եւ քննարկումները լինելու են մշտապես:

Անշուշտ, ես՝ որպես պետության առաջատար քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, մշտական ուշադրության կենտրոնում եմ պահում խնդիրը եւ տեղյակ եմ բոլոր զարգացումներին: ԲՀԿ-ն միանշանակ կողմ է երկկողմ հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին, նորմալ տնտեսական, մշակութային, ինչու չէ՝ միջմարդկային հարաբերություններին: Սա, մեծ հաշվով, այլընտրանք չունեցող մոտեցում է: Ես հասկանում եմ նաեւ հարցի ենթատեքստը՝ կա՞ն արդյոք մտահոգություններ. իհարկե կան: Բայց, վստահ եմ, իրական մտահոգությունները ստորագրված արձանագրությունների մեջ չեն: Պետք է անկեղծ լինել. դրանք իրենց մեջ չեն պարունակում վտանգավոր որեւէ դրույթ:

Շատ ավելի զգույշ պետք է լինել հետարձանագրային զարգացումների հանդեպ:

Մեզ մտահոգում է այն իրողությունը, որ Թուրքիայի իշխանությունը զանազան պատճառաբանություններով ձգձգում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ չի շտապում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործնական քայլեր իրականացնել: Մեզ չի կարող չմտահոգել, մասնավորապես, այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարբեր լսարանների համար արված տարբեր հայտարարություններում, փորձում են կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ: Սա մեզ համար, բնականաբար, չի կարող ընդունելի լինել եւ այս իմաստով, մեր երկրի քաղաքական եւ դիվանագիտական ներուժը պետք է պատրաստ լինի հակազդելու նման ցանկացած զարգացումներին: Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է. Այն պահին, երբ Թուրքիան հայկական կողմի հետ երկխոսության, բանակցության ընթացքում կխոսի որեւէ նախապայմանի մասին, մեզ համար Թուրքիայի հետ բնականոն հարաբերություն հաստատելու խնդիրը կհամարվի փակված: Այո, մենք պատրաստ ենք բնականոն հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ, բայց հասկանալի է, որ դա չի կարող լինել մեր պետական, ազգային շահերի հաշվին, չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հաշվին: