«Ես չէի ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ձախողվել է: Այն առաջ է գնում, բայց յուրաքանչյուր կողմը ցանկանում է առավելագույն շահ ստանալ այդ գործընթացից»,- նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը՝ ադրբեջանական 1news.az-ին:
«Դա երկարատեւ գործընթաց է եւ կարող է դեռ էլի երկարել: Դա ամենաիսկական աշխարհաքաղաքական խաղ է: Մենք չպետք է մտածենք, որ Թուրքիան այդքան մտահոգված է ԼՂ խնդրի կարգավորմամբ կամ Ադրբեջանի շահերով: Թուրքիայի համար դա Արեւմուտքի եւ մասնավորապես ԵՄ-ի հետ մեծ աշխարհաքաղաքական խաղի մի մասն է»,- ընդգծել է քաղաքագետն ու հավելել. «Թուրքիային նույնիսկ ձեռնտու է, որ Ադրբեջանը եւ տեղի ընդդիմությունը բողոքի, քանի որ դա թույլ կտա Անկարային հայտարարել, որ արձանագրությունների վավերացումը բարդ է եւ ձգձգի այն: Թուրքիան կհետաձգի վավերացումը, մինչեւ բոլոր հյութերը չքամի դրանից: Դա Անկարայի մարտավարությունն է»:
Հարցին, թե կարո՞ղ է ԱՄՆ-ը շանտաժի ենթարկել Թուրքիային՝ արձանագրությունների վավերացման հարցով, քաղաքագետը բացառեց այդ հնարավորությունը՝ նշելով. «ԱՄՆ-ը երբեք չի ցանկանա փչացնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, ուստի չեմ կարծում, որ այդ հարցով Թուրքիայի նկատմամբ ճնշումն այդքան ուժեղ լինի: Նախագահ Օբաման ավանդաբար ապրիլի 24-ին հանդես կգա եւ 1915 թվականի դեպքերը կգնահատի որպես հայ ժողովրդի մեծ ողբերգություն, սակայն ցեղասպանություն բառը չի արտասանի: Այնպես որ, չարժե արագ բեկում սպասել հայ-թուրքական հարաբերություններում»:




























