ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղ եւ տեղում ծանոթացել նոր դպրոցի շինարարության աշխատանքներին: Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն ասել է, որ աշխատանքները պետք է կատարվեն ժամանակին եւ որակով՝ ընդգծելով, որ գյուղական տեղանքի համար ժամանակակից ուսումնական հաստատությունների առկայությունը հատուկ նշանակություն ունի: Երկրի ղեկավարը անհրաժեշտություն է համարել գյուղում մանկապարտեզի կառուցումը եւ այդ կապակցությամբ հրահանգներ է տվել:
Այնուհետեւ նա այցելել է Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպել է «Բեյս մետալս» ընկերության աշխատակիցների հետ եւ շնորհավորել նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Բակո Սահականը ընդգծել է հանրապետության ամենամեծ արդյունաբերական միավորման եւ ամենախոշոր հարկատուի դերի կարեւորությունը երկրի կյանքում՝ հավելելով, որ մեծ ակնկալիքներ կան Ծաղկաշատի հանքավայրից, որի շահագործումը նոր որակի կհասցնի ինչպես լեռնահանքային արյդունաբերությունը, այնպես էլ ողջ տնտեսությունը:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ եւ այլ պաշտոնյաներ:
Մարտակերտի շրջկենտրոնում Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նվիրված 2009 թվականի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների ամփոփմանը եւ 2010-ի ծրագրերին: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետը, ֆինանսների նախարարը եւ այլ պաշտոնյաներ:




























