Քաղաքագետ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 28-ին իր թեկնածությունը հանելու մասին դիմում է ներկայացրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:

Հովհաննիսյանն իր մտադրության մասին հայտնել էր մի քանի օր առաջ: «Հունվարի 10-ին, մասնակցելով ընտրություններին եւ ձեր ձայնը տալով „Հայկական ժամանակ“ օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին՝ դուք „Ձայն բազմաց, ձայն Աստծո“ իրավունքով կկայացնեք արդար եւ անբեկանելի դատավճիռ այն հրեշավոր պատժիչ մեքենայի նկատմամբ, որը 2008-ի մարտի 1-ին մեր հարազատ բնակավայրում՝ Երեւանի կենտրոնում, կազմակերպեց մեր հայրենակիցների զարհուրելի կոտորածը»,- նշել էր քաղաքագետը։

Այսպիսով, հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարելու են Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությունից, որին սատարում է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, դեկտեմբերի 27-ին Արա Սիմոնյանի կողմնակիցները՝ մի քանի տասնյակ հոգի, կաստետներով եւ մետաղյա ձողերով հարձակվել եւ դաժան ծեծի են ենթարկել Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, հիմնականում պատանիների, որոնց տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: