Հայաստանի Հանրապետական կուսակցության ենթաշտաբները աշխատում են «Ազգային միաբանություն» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի օգտին: Այդ մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Վլադիմիր Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը:
Նրանց խոսքով, հունվարի 10-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի եւ բուն քվեարկության օրվա կեղծիքները ղեկավարում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Միեւնույն ժամանակ, նրանք վստահ են, որ նախօերին ընդդիմադիր ակտիվիստների վրա հարձակման անմիջական կազմակերպիչը ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանն է: Իսկ կատարվածի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է ռադիոյից: Նա ուղերձ է հղել ժողովրդին, եւ երիտասարդներին կոչ է արել չկորցնել «դուխը»:
Համաձայն միջադեպի՝ ասուլիսում հրապարակված մանրամասների, դեկտեմբերի 27-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում ՀԱԿ ակտիվիստների մի խումբ քարոզարշավ է իրականացրել թիվ 10 ընտրատարածքում: Երեւանի կենտրոնի բակերից մեկում նրանց են մոտեցել մի խումբ անձինք եւ պահանջել դադարեցնել քարոզարշավը: Ապա նրանց է միացել եւս մեկ խումբ, եւ միասին հարձակվել են երիտասարդ ակտիվիստների ու ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի վրա: Ընդդիմության վեց ներկայացուցիչներ՝ Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սահակ Մարգարյանն ու Սարգիս Գեւորգյանը մարմնական վնասվածքներ են ստացել մետաղյա առարկաներից ստացած հարվածներից: Վահագն Գեւորգյանի մոտ գլխի բաց վնասվածք է: 40 րոպե ուշացումով ժամանած ոստիկանությունը շտապել է ցուցմունքներ ստանալ տուժածներից, սակայն քանի որ նրանք ի վիճակի չեն եղել երկար խոսել եւ գրել, տուժածները միայն հայտարարություն են արել:




























