Միջազգային ահաբեկչական «Ալ-Քայդա» կազմակերպությունն իր վրա է վերցրել Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի ինքնաթիռի չհաջողված պայթեցման պատասխանատվությունը: Համաձայն ինտերնետում տեղադրված հաղորդագրության, ինքնաթիռի պայթեցման փորձը պատասխան էր Եմենում խմբավորման դեմ Միացյալ Նահանգների գործողության, հաղորդում է Deutsche Welle-ն:

23-ամյա նիգերիացի Ումար Ֆարուխ Աբդուլմութալաբը համակարգում էր իր գործողությունները այդ կազմակերպության անդամների հետ, ասված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական հայտարարություն է արել, համաձայն որի՝ իր վարչակազմը կանի ամեն ինչ՝ գտնելու օդանավի պայթեցման փորձի կազմակերպիչներին:

«Ես ազգային անվտանգության աշխատակիցներին հրահանգել եմ ձեռնարկել բոլոր միջոցներն այն անձանց դեմ, ովքեր ցանկանում էին վնասել անմեղ տղամարդկանց, կանանց եւ երեխաներին: Մենք օգտագործելու ենք մեր ողջ հզորոթյունը՝ վնասազերծելու եւ հաղթելու մեզ սպառնացող ծայրահեղականներին»,- Օբամայի խոսքերն է մեջբերում BBC Russia-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Նիգերիայի քաղաքացի Ումար Ֆարուխ Աբդուլմութալաբը փորձել էր գործի գցել պայթուցիկ սարքը Delta Airlines-ի՝ Ամստերդամից Դեթրոյթ մեկնող ինքնաթիռում: Ձերբակալվելուց հետո նա հայտարարել է, թե ցանկացել է ահաբեկչություն իրականացնել «Ալ-Քայդայի» հրամանով: