Այսօր հեպատիտի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա կարգախոսն է. «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղոդագրության մեջ ասվում է. «Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ եւ Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 միլիոն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ` երկրագնդի բնակչության շրջանում հեպատիտ Բ-ի վիրուսակրությունը 2-7% է, որոնցից 240 միլիոնը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձեւերով:Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետեւանքներից:

Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո:

Աշխարհի ազգաբնակչության 150 միլիոնից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով եւ տարեկան հայտնաբերվում է 3-4 միլիոն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետեւանքներից:

Հեպատիտ Ա-ի եւ Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռեւս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը եւ բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, որի հետեւանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը եւ տնտեսությանը հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:

2010 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովի ժամանակ ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի եւ Ց-ի մասին որոշումը (ռեզոլուցիա) ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ եւ իր հետագա աշխատանքներն իրականացրել է եւ իրականացնում է այդ համատեքստում: Վերջինիս վկայությունն է հուլիսի 28-ը` որպես հեպատիտների համաշխարհային օր նշելը:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 25,7-ից 2011-իննվազել է 9,1-ի: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից 2011-իննվազել է 2,2-ի:

Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչեւ 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում եւ մեծահասակների, եւ մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում` 2,5 %, ապա պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ /ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի/: Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարեւորությունը եւ դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:

Հաշվի առնելով, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից են` առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիվանդության դեմ պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու համար: