«2009 թվականը առանձնահատուկ տարի էր շատ բարդ ու փորձություններով»,- դեկտեմբերի 29-ին ամփոփելով ֆինանսական տարին, լրագրողներին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու հավելեց. «Բարդ տարի էր, որովհետեւ 90-ական թվականներից հետո Հայաստանի տնտեսությունը երբեք չէր հայտնվել նման դժվարությունների առաջ: Իհարկե դա պայմանավորված էր միջազգային ճգնաժամով եւ գլոբալ ռեցեսիայով, բայց մենք պատվով դուրս եկանք եւ պահպանեցինք ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաեւ կարողացանք շարունակել երկրորդ սերնդի բարեփոխումները, թեեւ, իհարկե, ոչ այն ծավալով, որ նախատեսել էինք»:

Ըստ ֆինանսների նախարարի, այսօր Հայաստանի տնտեսությունը մտել է կայունացման փուլ եւ 2010 թվականին կվերադառնա տնտեսական զարգացման իր վիճակին: Նրա ներկայացմամբ, այս տարին մենք կփակենք մոտ 15 տոկոս տնտեսական անկումով, 5-5,5 տոկոս ինֆլյացիայով, սակայն դրա հետ մեկտեղ կլինի նաեւ որոշ ցուցանիշների աճ: Մասնավորապես, 2009-ին ավելացել է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, ինչը պայմանավորված է ՀԴՄ-ների ներդրման արդյունքում ստվերային շրջանառության կրճատմամբ: Նաեւ աշխատավարձերն են ավելացել մոտ 11 տոկոսով, իսկ պետական հատվածում այն կազմել է նույնիսկ 16 տոկոս:

Որպես դրական երեւույթ Տ. Դավթյանը նշեց, որ 2009 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն ամբողջությամբ կատարվել են եւ պարտքեր չեն կուտակվել: Դիտակմանը, թե 2009 թվականի բյուջեն նախատեսված էր 945 միլիարդ դրամ, սակայն կատարվելու է միայն 900 միլիարդի չափով, իսկ ՀՆԱ-ն էլ մոտ 8 միլիարդ դոլար է, թեեւ նախատեսված էր 12 միլիարդ, ֆինանսների նախարարն արձագանքեց, որ եթե 945 միլիարդ դրամից 900-ը կատարվել է, կարելի է համարել, որ բյուջեն կատարված է, որովհետեւ ամեն տարի նաեւ խնայողություններ են լինում: «Բյուջեն երբեք 100 տոկոսով չի ծախսվել, ամեն տարի էլ նախատեսվածից քիչ է ծախսվել: Իհարկե դա կատարվեց դեֆիցիտը մեծացնելու հաշվին, դրսի միջոցների հաշվին, բայց կարեւոր է, որ պարտքեր չունեցանք»,- ասաց նա: