Մոսկվա-Բրյուսել չվերթի ուղեւորների օդանավ բարձրանալու ժամանակ Շերեմետեւո-2 օդանավակայանում դեկտեմբերի 28-ին ձերբակալվել է ճանաչված երաժիշտ Բորիս Բերեզովսկին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահներին, Բերեզովսկու մոտից մաքսային ստուգման ժամանակ հայտնաբերվել է չգրանցված գումար՝ 11,5 հազար եվրոյի չափ, որով նա փորձել է մեկնել Բրյուսել:
Երաժիշտը տեղափոխվել է Շերեմետեւո օդանավակայանի ներքին գործերի բաժին: Արժույթը նրա մոտից առգրավվել է, իսկ նա, բացատրություն տալուց հետո, ազատ է արձակվել:
«Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում երաժիշտը դժգոհություն է հայտնել, որ որոշ մարդիկ միլիարդներն են տանում արտերկիր, եւ ոչինչ, իսկ իր մոտից առգրավում են ազնիվ վաստակած հոնորարը: Բերեզովսկին սպառնացել է, որ եթե գումարը հետ չվերադարձնեն, ինքն այլեւ երբեք ելույթ չի ունենա Ռուսաստանում:




























