Հայ եկեղեցու քահանաները հիշեցնում են, որ Նոր տարվա տոնակատարությունները եկեղեցական օրացույցով համընկնում են Սուրբ Ծնունդին նախորդող պահոց օրերին, եւ կոչ են անում, սեղանների ճոխությունը ապահովել պասուց կերակուրներով։ «Ամանորյա սեղանին նախկինում դրվել են պահքի համար նախատեսված, հիմնականում բուսական ծագում ունեցող կերակուրներ՝ պասուց տոլմա, չարազներ, աղանդերներ, քանի որ դեկտեմբերի 31-ի երեկոյից մինչեւ հունվարի 5-ի երեկոն պահքի շրջան է»,- դեկտեմբերի 29-ի կայացած ասուլիսում հայտնեց Սբ. Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը՝ ավելացնելով, որ Սուրբ ծննդյան սեղանին դրվել է մարդկությունը խորհրդանշող չամիչը, քրիստոնյաների սիրելի ուտելիքը եւ քրիստոնեությունը խորհրդանշող ձուկն ու կարմիր գինին։
Քահանան տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ժամերգություն է մատուցվելու, իսկ հունվարի 1-ին Եկեղեցին նոր տարին կդիմավորի տարվա անդրանիկ պատարգով։ «Մեր ժողովրդին կոչ եմ անում նոր տարին աղոթքներով սկսել, եւ ավելի քիչ մտածել խոզի բդի եւ այլ տեսակի ուտեստների մասին»,- եզրափակեց քահանան։




























