Հայաստանում ֆինանսական ճգնաժամ որպես այդպիսին չի եղել, ուղղակի տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունն ունեցավ նաեւ ֆինանսական շուկայի վրա: Դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:
Ըստ ԿԲ փոխնախագահի՝ բանկային համակարգը պատվով է դիմացել տնտեսական ճգնաժամին: «Ճիշտ է, ֆինանսական համակարգի զարգացումն առաջին կիսամյակում զգալի կրճատվեց, սակայն երկրորդ կիսամյակում կարողացավ լիովին օգտագործել իր ֆինանսական հմտությունները, որի արդյունքում բավականին մեծացավ տրվող վարկերի գումարը, եւ ֆինանսական համակարգը օգտակար եղավ տնտեսությանը ճգնաժամի ժամանակ, ինչը շատ կարեւոր եմ գնահատում»,- նշեց Գաբրիելյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ ԿԲ-ն կիսում է կառավարության գնահատականը, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի բացակայությունը, ինչպես նաեւ տնտեսության ստվերայնության խնդիրները լուրջ են Հայաստանի համար եւ ազդում են Հայաստանի տնտեսության վրա:
«2009թ. մակրոտնտեսական կայունության տարի էր: Թեեւ եղավ դրամի արժեզրկում, բայց միջավայրը կայուն մնաց: Անգամ միջազգային կառույցները գնահատական տվեցին, որ ճգնաժամին Հայաստանի պատասխանն աննախադեպ էր»,- ամփոփեց Վաչե Գաբրիելյանը:



























