"Եվրամիությունում Իսպանիայի նախագահության ժամանակաշրջանում գերակա խնդիր է լինելու Լիսաբոնյան համաձայանագրի անմիջապես ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ ֆինանսական իրավիճակի բարելավումը։
Այս մասին դեկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։
Նա ասել է, որ Եվրոպական միությունը զարգացման ծրագրեր ունի նաեւ Միջերկրական ծովի, Մերձեւավոր Արեւելքի եւ Լատինական Ամերիկայի երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ։ Իսպանիայի վարչապետը աջակցելու է նաեւ միջատլանտյան երկրների հետ հարաբերությունների ամրացմանը եւ Եվրամիության քաղաքացիների իրավունքների ընդլայնմանը։
Սապատերոն նաեւ նշել է, որ իր նախագահության օրոք Իսպանիան ամեն ինչ կանի Կիպրոսի միացման շուրջ բանակցություններ ծավալելու համար։ Նա հույս է հայտնել, որ կիպրոսցի հույները եւ թուրքերը խաղաղ բանակցությունների արդյունքում հաջողությունների կհասնեն։
Հարկ է նշել, որ Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիությունում երկիշխանություն է լինելու։ Նախագահող երկրից բացի, խնդիրների լուծմանն այժմ մասնակցելու է նաեւ Եվրամիության նախագահը՝ Բելգիայի քաղաքացի Հերման Վան Ռոմպեյը։




























